Քոչարյանը ասում է, որ 2008-ին Սերժ Սարգսյանն իր թեկնածուն էր

  • 13:23 19.05.2025

Այո, Սերժ Սարգսյանի հետ տարանջատումը կա, ես մի շարք քայլերի հետ համաձայն չէի, և քանի որ կար նաև ընկալումը, որ ամեն ինչը մենք միասին ենք անում, իմ հարցազրույցները արդեն նախագահությունից հետո, ես տալիս էի նրա համար, որ այդ ընկալումը չլինի։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Օրինակ, հայ-թուրքական այս արձանագրություններին ես դեմ էի, և հարցազրույցներ էի տալիս, որ չասեն՝ իրենք մեկ է, միասին են։ Այն ժամանակ քաղաքականություն վերադառնալու որևէ նպատակ չունեի, կարող էի հանգիստ և հարցազրույցներ չտայի։ Սկսել եմ հարցազրույցներ տալ՝ ընդգծելու համար, որ այս–այս հարցերի նկատմամբ ես ունեմ այլ մոտեցում»,– ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ լուրեր կային՝ 2008–ին իր իրավահաջորդի թեկնածուն եղել է Վարդան Օսկանյանը, սակայն ինքը չի կարողացել նրան փոխանցել իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ուրիշ թեկնածու չեմ ունեցել։ Այն ժամանակ մամուլում շրջանառվում էր, այո, նաև Օսկանյանի թեկնածությունը, բայց իմ թեկնածությունը չէր։ Ես ասեմ իմ մոտիվացիան. այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարց է: Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց և համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։ Եվ Սերժ Սարգսյանը, տարիներ աշխատած և ՊՆ–ում, և անվտանգությունում, և Ղարաբաղի պատերազմի փորձը ունի, այդ տեսանկյունից զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամենաճիշտ որոշումն է եղել։ Բայց ես երբեք չեմ մտածել, որ կարող են հետագայում այսպիսի զարգացումներ լինել»։

Հիշեցնենք, որ Քոչարյան-Սարգսյան “հակամարտությունը” սրվել է Հանրապետական կուսակցության կողմից իմպիչմենթի գաղափարի առաջարկմամբ։ Քոչարյանի “Հայաստանը” չի միացել Սեր Սարգսյանի նախաձեռնությանը, թեկուզ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ինքը թեկնածու չունի և կպաշտպանի ցանկացած թեկնածուի։ Անցած շաբաթ Քաղպայմանագրից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարեցին Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու գործընթացի սկիզբ, որպես թեկնածու առաջարկելով Էդմոն Մարուքյանին։ Քոչարյանն ու Սարգսյանը չեն հայտարարել այդ թեկնածուին աջակցելու կամմերժելու մասին։ 

Հիմա Քոչարյանի հայտարարությունը կարելի ընկալել որպես սեփական թեկնածության առաջադրում և առաջարկ Սարգսյանին՝ չմիանալ Աղազարյանի նախաձեռնությանը։