Օճառ, սոդա, ջուր: Շատերի համար ուղղակի ինչ- որ կենցաղային նյութեր, իսկ շատ արցախցիների համար լվացքի համար նախատեսված հեղուկի պատրաստի բաղադրատոմս՝ տնական պայմաններում:
Շրջափակման պայմաններում արցախյան շուկայում բացակայում են նաև կենցաղային նյութերը, մասնավորապես՝ լվացքի փոշին: Բայց, ինչպես ասում են, արցախյան կանանց հնարամտությունը չունի սահմաններ՝ ընդամենը մի քանի նյութ և վերջ՝ տնական լվացքի փոշին պատրաստ է:
Երբ այս ամենի մասին պատմում ենք ավագ սերնդին, նրանք հիշում են իրենց երիտասարդությունը, երբ նույն ձև էին լուծում լվացքի խնդիրը՝ մի քանի կոպեկով գնում էին լվացքի համար նախատեսված հեղուկը, ապա այն խառնում ջրի հետ և հետո արդեն օգտագործում: Ի դեպ մենք՝ երտասարդներս, գուցե, վերջին սերունդն ենք, որը հիշում է «ձեռքով լվացք»-ի արարողակարգը:
Հիշում ենք, որ բակում դրվում էին մի քանի թասեր, մայրիկները և տատիկները ամբողջ ուժով տրորում էին շորերը, ընթացքում սրբելով հոգնածությունից քրտնած դեմքը, իսկ երեխաները իբր թե օգնելու պատրվակով խաղում էին ջրով:
Լվանալուց հետո այդ նույն, նոր լվացված հագուստը կախում էին պարաններից, փայտե, երբեմն նաև գույնզգույն ամրակներով, իսկ երբ սպիտակեղեն էր, մենք՝ երեխաներս անցնում էինք այդ սպիտակեղենի միջով և պատկերացնում էինք մեզ հայտնի ֆիլմերում:
Իհարկե առանձին պատմություն էր սպիտակեղենի լվացումը, որն առանձնապես ծանր էր՝ պետք է եռացվեր դրա համար նախատեսված մեծ թասում, իսկ հետո հանվեր հատուկ այդ արարողակարգի համար նախատեսված փայտիկներով:
Այդպես անցնում էին օրերը, տարիները, երբ չնայած «ձեռքով լվացք»-ներին, փայտե վառարաններից սևացած պատերին, մենք երջանիկ էինք և ազատ:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: