Որքա՞ն պետք է վճարվի զինվորական ծառայությունից խուսափելու համար

  • 00:55 23.05.2025

ԱԺ փորձագետները, ընդդիմադիր պատգամավորները, մինչդեռ, մատնանշում են նախագծի հակասությունները Սահմանադրության հետ և վտանգները: Այդ մասին հայտնում է Ազատությունը։

Կառավարությունն այսօր որոշ փոփոխություններով հավանություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որով առաջարկվում է միլիոններ վճարել և բանակում ծառայել ոչ թե երկու տարի, այլ ավելի քիչ՝ մեկ կամ չորս ամիս:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց՝ պատգամավորի առաջարկած 15 և 20 միլիոնի փոխարեն իրենք առաջարկում են 18 և 24 միլիոն դրամ վճարել և կրճատել երկու տարվա ծառայությունը. – «Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել մեկ ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, և չորս ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»:

Ընդ որում, Կառավարությունը յուրաքանչյուր զորակոչից առաջ կսահմանի նաև, թե քանի հոգի կարող է օգտվել նման հնարավորությունից:

«Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, Կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Այսինքն, մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են», – վստահեցրեց Պապիկյանը:

Զինվորական ծառայության առավելագույն տարիքը ըստ նախագծի 27-ից կդառնա 32 տարեկան, իսկ մինչև 16 տարեկան տղաները պետությանը մեխանիկորեն 15 միլիոն դրամի պարտք կունենան, որը կզրոյացվի, երբ նրանք կհաշվառվեն զինծառայության համար կամ կվճարեն այդ գումարն ու կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից:

Պաշտպանության նախարարն ասում է՝ տեղյակ են, որ զինծառայությունից գումարով խուսափողներ կան, և կարծում են՝ այս կարգավորումներով գումարները կգնան ոչ թե ինչ-որ մարդկանց գրպանը, այլ՝ պետական բյուջե, որով էլ կվճարվեն այն զինծառայողները, որոնք կմասնակցեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, հինգ տարով պայմանագիր կկնքեն նախարարության հետ և ծառայության ավարտին կստանան 5 միլիոն դրամ:

«Դրա միջոցով մենք կկարողանանք հինգ տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ վճարել, և՛ նաև վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճարը, որը ստանձնել է Կառավարությունը», – հայտարարեց Պապիկյանը: