2023 թվականի սեպտեմբերին այս երեխաները սովորում էին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Տեղահանությունից հետո նրանք ուսումը շարունակել են Մայր Հայաստանի տարբեր կրթօջախներում, երկու հոգի տեղափոխվել են ՌԴ։ Երկրորդ ուսումնականն է, որ միասին չեն սովորում, սակայն այս տարիների ընթացքում առիթը բաց չեն թողել իրար հանդիպելու, կարոտ առնելու, վերհիշելու միասին անցկացրած օրերը և, ինչու չէ, նաև երազելու համար։ Բոլոր հանդիպումների ժամանակ նրանց հետ էր դասղեկ Նելլի Ասլանյանը։
Այսօր կարևոր օր է․ արդեն շրջանավարտ են։ Եվ շատ կցանկանային, որ իրենց հանդիսավոր Վերջին զանգը լիներ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում:
Ոչինչ չխանգարեց, որ որպես շրջանավարտներ, նախօրեին հավաքվեն դասղեկի շուրջն ու իրենց երազանքի միջոցառումը կազմակերպեն, որպեսզի այն դառնա գեղեցիկ մի հուշ և իր տեղը գտնի Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության փառահեղ էջերում։
Աշակերտներից ոչ պակաս հուզված է դասղեկ Նելլի Ասլանյանը
-Դեռ վեցերորդ դասարանից երազում էինք, որ մայիսյան մի խաղաղ օր, երբ ամենուր կղողանջեն դպրոցական ավարտական զանգերը, ես և իմ դասարանը հպարտ կկանգնենք Արցախի լավագույն կրթօջախներից մեկի՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աստիճաններին, որը շուրջ յոթ տասնյակ տարիներ Ասկերանի բոլոր սերունդների համար պատվավոր ամբիոն էր։
Հավատացնում եմ, որ ևս մի արժանապատիվ սերունդ ենք ճանապարհում նոր կյանք։ Մեր շրջանավարտներից շատերն արդեն իսկ ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ են։ Վերջին երկու տարիներին, որ դպրոցներում էլ նրանք աշակերտել են, ամենուր բարի անուն են վաստակել։ Համոզված եմ, որ Ասկերանի դպրոցի անունը և ուսուցիչների պատիվը նրանք միշտ բարձր են պահելու։
Տեղահանությունից հետո մեր կապը երբեք չի դադարել, բազմիցս ենք հանդիպել ու որոշել, որ պետք է մեր Վերջին զանգի միջոցառումն ունենանք։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ծնողներին, ովքեր տարիներ շարունակ համագործակցում էին դպրոցի հետ, իսկ տեղահանությունից հետո ավելի ցայտուն դարձավ նրանց վերաբերմունքը։ Մենք շարունակեցինք միասնական լինել, ինչը շատ կարևոր է արցախցիների համար։ Շրջանավարտները միաձայն որոշել են նաև ավարտական երեկո կազմակերպել ու պարել Վերջին զանգի ավանդական պարը։
Դասղեկը հուշանվերներ է հանձնում աշակերտներին, իր սիրելիներից ծաղիկների հրաշալի փունջ ստանում․ թվում է՝ Ասկերանի հարազատ դպրոցում են, որտեղ ամեն ինչ այնքա՜ն հարազատ ու անաղարտ էր։
Հանդիպումը համեմվում է բարի հիշողություններով։
Շրջանավարտները չեն մոռանում դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանին, ում խստապահանջ և արդարացի լինելը կարևոր ազդեցություն է ունեցել իրենց դաստիարակության գործում։
Նրանք մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում առաջին ուսուցիչներ Զարինե Հարությունյանին, Դիանա Ղազարյանին, դասղեկ Նունե Պողոսյանին, իսկ երջանկահիշատակ Մագուրա Հարությունյանի մասին, ով 5-րդ դասարանում ստանձնել էր նրանց դասղեկությունը, խոսում են առանձնակի խանդաղատանքով։
Այս դասարանը համերաշխ էր ի սկզբանե․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո երեխաները սիրով ընդունեցին Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված աշակերտներին ու դարձան 18 հոգանոց մեծ ու համերաշխ ընտանիք։ Նոր կրթօջախում ուսումը շարունակած երեխաները շնորհակալ են իրենց դասվարներ Իլյանա Մուսայելյանին, Ռիտա Ավագիմյանին, Օֆելյա Նավդալյանին։
Շրջանավարտները երախտապարտ են Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի բոլոր ուսուցիչներին՝ տված գիտելիքների, ճիշտ դաստիարակության և այն ամենի համար, ինչի շնորհիվ այսօր կարողացել են հասնել հաջողությունների։ Բացի գիտելիքներից ուսուցիչներից ստացել են նաև մայրական ջերմություն ու հոգատարություն։ Միջնակարգն ավարտելով Մայր Հայաստանի տարբեր կրթօջախներում՝ շրջանավարտները շնորհակալ են նոր ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել լրացրելու կիսատ թողածը։
Բարի երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ, թող ձեր ճանապարհը կանաչ ու պայծառ լինի։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ