Իրանը հույս ունի առաջընթացի հասնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների 1-2 փուլի ընթացքում. Իրանի ԱԳ նախարար

  • 14:13 24.05.2025
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթացի հնարավորությունը պահպանվում է: Այսպես է նա մեկնաբանել միջնորդավորված բանակցությունների հինգերորդ փուլը, որը Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել Հռոմում։ Տեղեկությունը հայտնում է «Pars Today»–ը։
«Բանակցությունները չափազանց բարդ են, որպեսզի մի քանի կարճ հանդիպումների ընթացքում բոլոր հարցերը կարգավորվեն, սակայն խնդրի լուծման հասնելու հնարավորություն կա», – ասել է նա:
Արաղչին նաև նշել է, որ, իր կարծիքով, ամերիկյան կողմն այժմ Իրանի դիրքորոշումներն ավելի հստակ է ընկալում:
Հիշեցնենք` բանակցությունների հինգերորդ փուլն անցկացվել է միջուկային ծրագրի հարցով հնարավոր համաձայնագրի շուրջ Իրան–ԱՄՆ աճող տարաձայնությունների ֆոնին: Լարվածությունն աճեց, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարեց, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցման:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան կասկածի տակ դրեց գործարքի կնքման հնարավորությունը` հայտարարելով, որ ԱՄՆ-ն սխալ պահանջ է ներկայացնում: Իրանի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվի, եթե ամերիկյան կողմը շարունակի պնդել, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից: