Սերունդներին կրթելիս ուսուցիչները դեռ կառաջնորդվեն ազգային գաղափարներով

  • 23:37 25.05.2025

10 տարի առաջ ավարտեցի Ստեփանակերտի Սախարովի անվան հ.8 դպրոցը:

Ստեփանակերտում 2015 թվականի այս օրերին ամեն տարվա պես  տոնական տրամադրություն էր տիրում: Փուչիկներով զարդարված դպրոցներ և հանրային տրանսպորտ, ամենուր կարելի էր տեսնել գեղեցիկ հագնված, ծաղկեփնջերով շրջանավարտների, իսկ վերջին զանգի արարողության ավարտին բոլոր շրջանավարտները, ըստ ավանդույթի, կազմակերպված մեկնեցին Շուշի շարունակելու տոնը:

Անհոգ ժամանակներ էին: Բոլոր ընկերներս ու հարազատներս կողքիս էին, և ես չէի պատկերացնում, որ ապագայում կլինեն այդքան դաժան փորձություններ, որոնցից դուրս կգամ ոչ միայն ընկերների ու դասընկերների, այլև հայրենի Արցախի կորստով:

Ուզում եմ շնորհակալություն ասել բոլոր ուսուցիչներիս հերոսական սերունդ դաստիրակելու համար: Շնորհակալութուն՝ ինձ և իմ սերնդին Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի օրինակով կրթելու համար: Ջեր շնորհիվ մեր մեջ սերմանվել է ազգային գաղափարը և մտածելակերպը, ոչ թե թշնամանքը  “հարևանների” նկատմամբ, այլ համապատասխան վերաբերմունքը:

Հպարտ եմ, որ իմ ընկերներից և դասընկերներից շատրն Ապրիլյանի և 44-օրյա պատերազմի հերոսներ են:

Բոլոր շրջանավարտներին բարի երթ։ Վստահ եմ, որ կգան նոր ժամանակներ, և սերունդներին կրթելիս ուսուցիչները կառաջնորդվեն ազգային գաղափարներով, ոչ թե իրական Հայաստանի կեղծ թեզով:

Արսեն Աղաջանյան