Կառավարության համար ընդունելի չեն Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջարկությունները

  • 17:51 26.05.2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն օրերս որոշում կկայացնի՝ բողոքի գործողությունները շարունակելու են, թե ոչ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբերը մայիսի կեսից սկսել էին քննարկումները, որոնց նպատակը արցախցիների բարձրաձայնած սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքի իրականացումը պետք է լիներ։ Step1.am-ի տեղեկություններով՝ կառավարության համար ընդունելի չեն Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջարկությունները սոցիալական ծրագրերի վերաբերյալ։ Խորհրդի անդամներն էլ իրենց հերթին գոհ չեն կառավարության առաջ քաշած պայմաններից։ Եվ խորհրդի անդամները չեն բացառում, որ պայքարը կշարունակվի։

Հիշեցնենք, որ արցախցիներն Ազատության հրապարակից վրանը հանեցին՝ պայմանով, որ կառավարությունը երկու ամիս ժամկետով երկարաձգել է սոցիալական աջակցության ծրագիրը, բացի այդ, խոստացել էին համատեղ աշխատանքային խմբերի աշխատանքի արդյունքում լուծում տալ արցախցիների բարձրացրած սոցիալական հարցերին։ Միաժամանակ, Արցախցիների պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող են դարձյալ վրան տեղադրել Ազատության հրապարակում, մեկի փոխարեն մի քանիսը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանին հարցրինք՝ որոշում կա՞ պայքարը վերսկսելու մասին։

Նա ասաց, որ սպասում են կառավարության գրավոր պատասխանին, որպեսզի դրա հիման վրա իրենց անելիքները որոշեն։