Նորագույն պատմության մութ էջերից. ինչ է կատարվել 1990-ի այս օրը Էրեբունիում

  • 16:05 27.05.2025

Taron Hakobyan-ը գրում է.

Ուղիղ 35 տարի առաջ այս օրը՝ 1990-թվականի մայիսի 27-ին, ժամը 8:30-ի կողմերը Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի սպասասրահում զինված բախում տեղի ունեցավ խորհրդային զորքերի և հայկական ինքնապաշտպանական կազմավորումների մարտիկների միջև։
Սպանվեցին 6 հայորդի՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը։
Այնուհետեւ երկաթուղային կայարանից հետո խորհրդային բանակն իր գործողությունները շարունակեց Նուբարաշեն խճուղում: Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակից ավել ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ։ Խորհրդային զորքերը նույնպես տվեցին կորուստներ:
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին
Հ. Գ. Երկու օր անց «Հայք» թերթը գրել է, որ խորհրդային զինվորները Երեւանի թաղամասերից մեկում անկանոն կրակ են բացել բնակելի շենքերի ուղղությամբ։ Ավելի ողբերգական հետևանքներից խուսափել են տեղի ղեկավարության և խորհրդային զորքերի հրամանատարության միջև ուղիղ բանակցությունների շնորհիվ։
Ըստ պաշտոնական՝ Կոմկուսի տեսակետի` սպանվածները փորձել էին Կապան-Երևան գնացքն ուղեկցող զինվորական պահակախմբից խլել զենքը: Կայարանից հեռանալուց հետո զինվորականները շրջապատում են Էրեբունի հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել էին սպանվածների մարմինները:
Նույն օրը զինված մի խումբ փորձում է փակել Նուբարաշենից Երևան տանող խճուղին: Զրահապատ մեքենաները գրոհում են դեպի Էրեբունի թաղամաս, անկանոն կրակ բացում. սպանվում է 17, վիրավորվում մի քանի տասնյակ քաղաքացի, զոհվում է նաև մեկ սպա: Մայիսի 28-ին գնդակոծվում է ՀՀՇ-ի շենքը, սպանվում է մի հայ երիտասարդ:
«Խորհրդային Հայաստան» օրաթերթը մայիսի 29-ի համարում գրել է․ «Մայիսի 27-ին Երևանում անպատասխանատու անձանց հրահրած ողբերգական իրադարձությունների հետևանքով, նախնական տվյալների համաձյան, զոհվել է 23 մարդ, այդ թվում՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի մեկ սպա: Կան մեծ թվով վիրավորներ: Հայաստանի Կոմկուսի կենտկոմը Գերագույն խորհրդի նախագահությունը և Նախարարների խորհուրդը խորը ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին: Մայիսի 29-ին հանրապետությունում սուգ հայտարարել»: