Իսրայելի անկախության 77-ամյակի կապակցությամբ և Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման նպատակով երեկ Երևանում անցկացվել է դիվանագիտական երեկույթ՝ Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի ու Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի համատեղ ջանքերով։
Իսրայելի դեսպանն իր ելույթում անդրադարձել է հայ–իսրայելական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ համագործակցության իրական հնարավորություն կա։
«77 տարի առաջ չնայած բոլոր փորձություններին, հրեա ժողովուրդը հառնեց աքսորի եւ ոչնչացման մոխիրներից՝ վերագտնելու իր ինքնիշխանությունն իր հայրենիքում։ Այս դժվար ժամանակներում մենք նաեւ ուժ ենք գտնում ամբողջ աշխարհում մեր ունեցած բարեկամանական կապերից եւ այդ բարեկամների շարքում է Հայաստանը։ Թեեւ մեր երկկողմ հարաբերությունները դեռեւս զարգացման փուլում են եւ ոչ առանց բարդությունների, ես համոզված եմ, որ համագործակցության իրական հնարավորություն կա։ Միշտ չէ, որ մենք համակարծիք ենք, բայց միշտ էլ կարող ենք խոսել իրար հետ եւ խոսելը կարեւոր է։ Մեր երկու ժողովուրդները, լինելով հինավուրց ազգեր եւ պատմականորեն ենթարկվելով հալածանքների, գիտեն՝ ինչ է նշանակում գոյատեւել՝ չնայած բոլոր փորձություններին, եւ ինչ է նշանակում պայքարել ինքնության, արժանապատվության եւ ազատության համար։ Հենց սա է հիմք ձեւավորում փոխադարձ հարգանքի համար»,– ասաց Յոեյ Լիոնը։
Իսրայելի դեսպանի պայքարի անհրաժեշտության մասին խոսքերը հնչում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ հայկական իստեբլիշմենթի պարտվողական քաղաքականության հետևանքով կորսվեց հայկական հողերի մի մասը, իսկ հայկական պետականությունը սպառնալիքի տակ է։ Իսրայելի դեսպանը, իհարկե, չի նշել, որ իր երկիրը նրանց կողքին է, ովքեր չեն թաքցնում Հայաստանը ոչնչացնելու իրենց նպատակը։
Նշենք, որ դեսպանատան կազմակերպած միջոցառմանը Կառավարությունից ներկա էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՔՊ խմբակցությունից Արմեն Խաչատրյանը, Հայաստանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանները, ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց։ «Հայաստանը պատրաստ է քննարկել Իսրայելի հետ ցանկացած երկխոսության, հարաբերությունների խորացման հնարավորություն, մարդկային կապերի ամրապնդման, տնտեսական, հումանիտար եւ տեխնոլոգիական համագործակցության զարգացման ուղղություններով։ Այսօր մենք այստեղ ենք՝ վերաարժեւորելու մեր հարաբերությունները եւ նայելու ապագային, թող այսօրը լինի նոր սկզբի հնարավորություն՝ երկու հինավուրց, փորձություններով անցած ժողովուրդների համար»։