Սյունիքի շուրջ բորբոքվում են միջազգային կրքեր, բայց քչերն են խոսում Սյունիքի բնակիչների մասին

  • 10:26 30.05.2025

Մեղրի

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մեկնում է Սյունիք, բայց ոչ թե հերթական «մոդայիկ դասն» անցկացնելու, այլ այնտեղ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու և ցույց տալու, որ Սյունիքի հասարակությունը լիովին իր կողքին է։

Սյունիքի հարցը ներկայումս քննարկվում է ամենաբարձր միջազգային մակարդակով. Էրդողանը նշում է, որ հույս ունի, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» հարցում, որը կկապի թյուրքական աշխարհը։ Սակայն Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանում պնդում է, որ թույլ չեն տա Հայաստանի սահմանները փոխվեն։

Այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն և Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը խոսում են Հայաստանում անվտանգության սպառնալիքների մասին: «Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային երկրների ակտիվության աճ կա, լարվածությունը պահպանվում է Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ», – ասաց Անդրեյ Բելոուսովը: Այս «զգուշացումներից» հետո ոչ տարածաշրջանային Ֆրանսիան, խոստացած գլխավոր հյուպատոսության կամ գոնե հյուպատոսական գործակալության փոխարեն, պատվավոր հյուպատոսություն է բացում Գորիսում, որը գրեթե դիվանագիտական ​​առաքելություն չէ: Այնուհետև Զախարովան բողոքում է, որ Հայաստանը Ռուսաստանին թույլ չի տալիս գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում:

Մի խոսքով, կրքերը բորբոքվում են, բայց այս ամենում քչերն են խոսում հենց Սյունիքի բնակիչների մասին, այն մասին, թե ինչպես կվարվեն նրանք որոշակի աշխարհաքաղաքական որոշումների դեպքում։ Այդ որոշումները տատանվում են «Զանգեզուրի միջանցքի» ուժային «բացումից» և, համապատասխանաբար, հայ-իրանական սահմանի վերացումից մինչև Հնդկաստանից դեպի Եվրոպա տանող ճանապարհի «բացումը» Հայաստանով՝ Իրան-ԱՄՆ գործարքի դեպքում։

Սյունիքի գյուղերի հրետակոծությունը, Բաքվի և Անկարայի անընդհատ զորավարժությունները Հայաստանի հետ սահմանին, Բաքվի հայտարարությունները «300 հազար ադրբեջանցիների Զանգեզուր վերադարձի» մասին, Ռուսաստանին և ԱՄՆ-ին «լարվածության» մասին նախազգուշացումները, ինչպես նաև Հայաստանի կառավարության զիջումների գնալու հակվածությունը ցույց են տալիս, որ Հայաստանին «Զանգեզուրի միջանցք» պարտադրելը լոկալ ռազմական էսկալացիայի միջոցով ավելի իրատեսական է թվում։

Ինչպե՞ս կարձագանքի Սյունիքի ժողովուրդը այս տարբերակին։ Կլինի՞ «Արցախ-2» գործողություն, երբ մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց տները ցեղասպանության սպառնալիքի տակ։ Պատրա՞ստ են Սյունիքի ժողովուրդը մեծ թվով ադրբեջանցիների մուտքին, շարիաթի դատարաններին և նույնիսկ ինքնավարությանը Սյունիքի տարածքում։ Կխոսե՞ն նրանք այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ։ Թե՞ Սյունիքում կլինի ռազմական դիմադրություն՝ բաց կամ ֆիդայական։

Ուժային լուծման հարցում պարզ չեն մյիայն ժամկետները, որոնք, ի թիվս այլ բաների, կախված է ԱՄՆ-ի բանակցություններից Թուրքիայի և Իրանի հետ։ Սակայն շատ բան կախված է նաև Սյունիքի ժողովրդից, ովքեր դարերի փորձ ունեն աշխարհաքաղաքական կաթսայում գոյատևելու։