44-օրյա պատերազմից հետո անհետ կորած17 հազար ինքնաձիգների մի մասը հայտնաբերվել է, մի զգալի մասը՝ ոչ

  • 08:20 06.06.2025

2020-ի 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած 17 հազար ինքնաձիգների մի մասը հայտնաբերվել է, սակայն դրանց մի զգալի հատվածը դեռ անհետ կորած է համարվում: Թե անցած շուրջ 5 տարիների ընթացքում 17 հազար ավտոմատից քանիսին է հաջողվել հայտնաբերվել, իրավապահները կոնկրետ թիվ չեն հնչեցնում: Այս մասին գրում է Ազատությունը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, գնդապետ Վաչե Հովսեփյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ Պաշտպանության նախարարության իրականացրած գործողությունների արդյունքում այդ 17 հազարից մի զգալի մասը հայտնաբերվել է, մի մասը, որը հայտնվել է ապօրինի շրջանառության մեջ, իրավապահ մարմիններն են հայտնաբերել:

«Այն անձինք, ովքեր հնարավոր է՝ իրենց մոտ պահեն, ովքեր մասնակցել են, ովքեր ստացել են հրազեն, սակայն չեն վերադարձրել, բոլորի տվյալները մշակվել են, նրանց հետ տարվել են թիրախային աշխատանքներ և մի զգալի խմբաքանակ էլ այդ աշխատանքների արդյունքում է հայտնաբերվել», – ասաց Հովսեփյանը:

«Ազատության» հարցին՝ դեռ չե՞նք կարող ասել, որ 17 հազարն էլ հայտնաբերված է, նա պատասխանեց. – «Ոչ, չենք կարող ասել»:

Ի դեպ, անհետ կարոծ17 հազար ինքնաձիգները 2020 թվականի պատերազմի ժամանակ քաղաքացիներին է բաժանվել վարչապետի որոշմամբ: Փաշինյանն այդ փաստը հաստատել էր 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Թե ինչո՞ւ ժողովրդին բաժանված զենքը պետությունը ետ չի հավաքել, մնում է անհայտ:

Այն, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվում է հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների աճ, բարձրաձայնում են նաև ոլորտի պատասխանատուները:

Միայն 2024-ին, ըստ ՆԳ նախարարի, արձանագրվել է հրազենեի գործադրմամբ կատարված 109 հանցագործության դեպք, 15 -ով ավելի շատ, քան 2023 -ին:

Միայն Երևանում գրեթե ամեն ամիս հրազենի գործադրմամբ հանցագործություններ են տեղի ունենում: Ոստիկանությունը արձանագրված դեպքերի մասին տեղեկատվություն չի տրամադրում, և հանրությունը դրանց հիմնականում ծանոթանում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսանյութերից: