Սյունիքում արցախյան սցենարի ֆոնին Փաշինյանը շնորհավորել է Ալիևին

  • 21:49 06.06.2025

Սյունիք

Հաղորդման հիման վրա Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, այսօր առավոտյան հաղորդել է Ազգային անվտանգության ծառայությունը: Գերատեսչությունից հայտնել են, թե 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը 1:20 են մոլորվել Արավուս գյուղի հարակից հատվածում: 

Եթե գործը բացվել է «առևանգում» հոդվածով, դա նշանակում է՝ կան տեղեկություններ, որ հայ տղաները գերի են վերցվել հայկական տարածքում։ Եւ թեկուզ հայտնի դարձավ, որ տղաները վերադարձան, հարցերը պահպանվում են, քանի որ նման դեպքեր կարող են կրկմվել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է, որ նոր շփման գիծը գործնականում հագեցած չէ, և այնտեղ իրականացվում են նվազագույն ամրացման աշխատանքներ։ «Խաղաղության օրակարգը» չի ենթադրում սահմանների ամրացում, սահմանները պատրաստվում են «5 րոպե հետո առևտուր անելուն»։ Սակայն սահմանի մյուս կողմում առևտրի չեն պատրաստվում։

Առևանգումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Երևանում ընթանում էր 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած հրդեհի գործով դատավարությունը, որի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ Դիվերսիայի վարկածն անմիջապես մերժվեց Հայաստանի վարչապետի մակարդակով։ Սակայն այժմ զոհերի փաստաբաններն ու հարազատները խոսում են հենց դիվերսիայի մասին։

Իշխանությունները զգուշորեն խուսափեցին դիվերսիայի թեման քննարկել նաև Սուրմալուի շուկայում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքում, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։

Այս երկու իրադարձությունները սերտորեն կապված էին Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետ, սակայն Հայաստանի կառավարությունը զգուշորեն խուսափեց նման գնահատականներից։

Սուրմալուի պայթյունը տեղի է ունեցել այն օրերին, երբ Արցախում զինված բախումներ էին, որոնց արդյունքում հայկական կողմը հանձնեց Բերձորի միջանցքի հիմնական երթուղին և Քաշաթաղի շրջանի մնացած բնակավայրերը՝ Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Իր հերթին, 2023 թվականի հունվարին, երբ Ազատ գյուղում հրդեհ բռնկվեց, Արցախում սկսվեց սրացում՝ շրջափակման պատճառով, երբ պարզ դարձավ, որ ճանապարհը այլևս չի բացվի։

Այս ֆոնին, Սյունիքի սահմանամերձ շրջանում երկու երիտասարդների առևանգումը կարող է լինել Բաքվի կողմից Հայաստանի հարավը գրավելու ավելի լայն գործողության մի մասը: Առևանգումը, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի անընդհատ հրետակոծությունը՝ ահաբեկչություն և սպառնալիք է, որը պետք է ստիպի Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին «կամավոր» լքել իրենց տները։

Սյունիքում գործնականում կրկնվում է արցախյան սցենարը։

Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է «ադրբեջանական ժողովրդին» Կուրբան Բայրամի կապակցությամբ։