Արցախը չի ընդունում Բաքվի օգնությունը․ Բերձորի միջանցքը բացեք

  • 12:36 29.08.2023

Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, ոը հետևաբար, այդ քայլը ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։

«Քաշաթաղի ( Լաչինի ) միջանցքի `սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել է Լ. Ավանեսյանը։

Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում մերժել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ադրբեջանական կողմից որևէ օգնություն ստանալու առաջարկները, Ադրբեջանի իշխանությունները որոշել են «հումանիտար օգնություն» ուղարկել այդ ճանապարհահատված։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերությունն օգոստոսի 29-ին 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա է ուղարկելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված։

Լաչինի միջանցքն արգելափակած և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած Ադրբեջանն այս քայլը որակել է որպես «մարդասիրական ժեստ»։