«Գիշերային ժամերին կրակոցներ մերթ ընդ մերթ լսվում են, բայց միայն գիշերային ժամերին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Անդրադառնալով բանակավայրերի ուղղությամբ կրակոցներին՝ նա ասաց, որ վերջին տեղեկատվությունից հետո, որը ՊՆ-ն հրապարակել էր, բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ այլեւս չեն եղել։
«Այս եղանակով դժվար թե սյունեցրիների շրջանում խուճապ կտարածվի, բայց թե բուն նպատակը որն է, դժվար է պատասխանել, որովհետեւ պատճառները կարող են տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ժամերին լսվում են, դա միանշանակ է, նպատակները կարող են խիստ տարբեր լինել»,- ասաց նա։
Հարցին, թե Սյունիքի բնակիչները «խաղաղության օրակարգին» հավատո՞ւմ են, մարզպետը պատասխանեց․ «Կրակոցների ֆոնին մարդն ավելի շատ է հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի»։ Նա ասաց, որ մարզում մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում, ցերեկային ժամներին ընդհանրապես կրակցներ չկան։
Անդրադառնալով Սյունիքում մոլորված երկու երիտասարդներին, Ղուկասյանն ասաց, որ նրանք չէին հայտնվել ադրբեջանցիների մոտ։ «Երբ այդ լուրը տարածվեց, ես հրաժարվեցի որեւէ բան ասել, որովհետեւ կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկան։ Եվ ցանկացած բան, որն իմ կողմից կասվեր, չէր լինի 100 տոկոսանոց ինֆորմացիա, հետեւաբար, ես զերծ մնացի որեւէ բան ասելուց։ Բայց այս պահին ինքանով ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը։ Ես կարծում եմ՝ ավելի շատ սպասել են՝ մութն ընկնի, նոր վերադառնան, համեմատաբար վտանգավոր հատված էր»,- ասաց նա։
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ աշխատանք է տարվում՝ երիտասարդներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին նման հայտարարություն անում, մարզպետը պատասխանեց․ «ԱԱԾ-ն եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը։ Այն հատվածներում, որտեղ իրենք մոլորված են եղել, կապ գոյություն չունի։ ԱԱԾ-ն այդ հատվածում ծառայություն չի իրականացնում։ Տեղացիները տարբեր տեղեկատվություն էին ասել, այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա դա վարկած էր, որը հետո իրենք հերքեցին»։