Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի կարևորությունը:
Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատման: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան` ելույթ ունենալով Ֆրանսիայում դեսպանների համաժողովում։
«Այսպիսով, մենք մոբիլիզացվելու ենք, որպեսզի պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման համար, ինչը թույլ կտա սահմանազատել երկու երկրների միջև սահմանները և հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրել այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը»,– ասել է Կոլոննան։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի հրահրմանն ուղղված Ադրբեջանի`«խեղդամահ անելու ռազմավարությունն» անօրինական է` ինչպես արդեն սահմանել է Միջազգային դատարանը։ Նա հավելել է, որ այս քաղաքականությունը նաև անբարոյական է: