«Այո, հաստատում եմ՝ վարչապետը կմեկնի Թուրքիա»․ Ալեն Սիմոնյան

  • 16:03 17.06.2025

«Այո, հաստատում եմ՝ վարչապետը կմեկնի Թուրքիա»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այդ ռիսկերը չեզոքացնենք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, եւ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ Փաշինյանն Անկարա կմեկնի Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով։ Նա ասաց, որ հունիսի 20-ին կայանալիք այդ այցի ընթացքում տարածաշրջանային բոլոր հնարավոր հարցերը քննարկվելու են։

«Ես կարծում եմ, որ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,- նշեց Սիմոնյանը։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի՝ հնարավոր միջնորդ դառնալու մասին հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» Հայաստանն ու Ադրբեջանը ավարտին հասցրեցին միասնական։ Ըստ նրա՝ երկու կողմը կորոշեն, թե որտեղ կկնքեն այդ պայմանագիրը, ինչ միջնորդություն կլինի, եւ ընդանրապես կլինի՞ միջնոդրություն, թե՞ միջնորդության կարիք չկա։

«Դիվանագիտական հարաբերություններում տարբեր ֆորմատներ գոյություն ունեն, եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում եւս տեղի կունենա։ Արդյունքում՝ կընտրվի ինչ-որ մի ֆորմատ»,- հավելեց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության այն հայտարարություններին, թե այդ այցի ժամանակ թուրքական կողմը պահանջներ է դնելու Փաշինյանի առաջ, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ չիգիտեմ՝ ի՞նչ եք հարցնում»։