Մենք ուզում ենք ապրել և դաստիարակել մեր երեխաներին Արցախում

  • 21:09 22.06.2023

«Մենք ուզում ենք ապրել և դաստիարակել մեր երեխաներին Արցախում, բայց բարվոք, խաղաղ և ամեն ինչով ապահովված և ապաշրջափակված Արցախում»,- ասում է Ասպրամը:

2022 թվականի դեկտեմբերի 22-ին շրջափկված Արցախում տեղի ունեցավ առաջին հարսանիքը։ Նորապսակները հարսանիքի օրը որոշել էին նախօրոք, դեռ մինչև շրջափակումը։ Տատանվում էին դեկտեմբերի 12-ի և 22-ի միջև։ «Երբ սկսեց շրջափակումը, մենք մտածեցինք, որ նախորդ դեպքի պես թշնամին մի քանի օր փակած կպահի ճանապարհը և նորից կբացի, ու մինչև վերջին օրը հույս էինք պահում։ Նույնիսկ Ռուսաստանից սպասվող հյուրերը իրենց տոմսերը չէին վերադարձրել»,- ասում է Ասպրամը։ Զույգը 200-250 հոգանոց մեծ հարսանիք էր պլանավորում, սակայն երբ վերջին օրը հասկացան, որ իրավիճակը ձգձգվում է, չկա բավարար մթերք և վառելիք, պլանները փոխվեցին։ Հարսանիքը չեղարկելու մտադրություն չկար։

Առաջինը լինելը միշտ դժվար է, և երիտասարդների պարագայում անհայտ էր, թե ինչպես կարձագանքի հասարակությունը ճգնաժամի ժամանակ կազմակերպվող հարսանիքին։ «Հասարակությունը դրական արձագանքեց և ամենահաճելին մարդկանց կողմից հնչեցվող ոգևորության և օրհնանքի խոսքերն էին»,- ասում է Ասպրամը։

Հիմա զույգը սպասում է իրենց առաջին բալիկին, և ինչպես հայկական նահապետական ընտանիք ցանկանում է ունենալ 3 զավակ։ Որպես Հայ և որպես Արցախցի, արմատներով կպած լինելով այս հողին, նրանք ցանկանում են ապրել և իրենց երեխաներին դաստիարակել Արցախում, բայց բարվոք, խաղաղ և ամեն ինչով ապահովված և ապաշրջափակված Արցախում։

f