Սաուդիտները դժգոհ են Արևմուտքի աջակցությունից, Իրանը խորհուրդ է տալիս Ռիադին բանակցել հուսիթների հետ

Ռիադի «Արքա Խալիդ» միջազգային օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվել: Ինչպես Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է սոցիալական ցանցերում երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, մեկ պակիստանցի քաղաքացի զոհվել է, իսկ առնվազն 11 մարդ վիրավորվել է։

Associated Press-ի փոխանցմամբ՝ օդանավակայանը, որը վերջին հինգ օրերի ընթացքում չորս անգամ հարված է ստացել, փակվել է հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հրթիռային հարձակումից հետո, որը Պարսից ծոցի արաբական երկրներում ամենամահացու հարձակումն էր Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր: Հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։

Հոկտեմբերի 4-ին Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը՝ Սաուդյան Արաբիայի և, ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ հետախուզության օգնությամբ, հակահարձակում է սկսել հուսիթների դեմ, որոնք աշնանը գրավել էին Եմենի Կարմիր ծովի ափը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։

Ուրբաթ օրը հաղորդվել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը, հնարավոր է, ամբողջությամբ վռնդել են հուսիթներին Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գտնվող տարածքներից: Հուսիթները հերքում են այս տեղեկատվությունը: Անցյալ շաբաթ նաև հաղորդագրություններ են հայտնվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք «Արքա Խալիդ» միջազգային օդանավակայանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հուսիթների կողմից իրականացված պատասխան հարձակումների մասին:

Bloomberg-ը հաղորդում է, որ արաբական կոալիցիան գլխավորող Սաուդյան Արաբիան դժգոհ է Եմենում «Անսար Ալլահ» (հուսիթական) շարժման դեմ պայքարում Արևմուտքի անբավարար օգնությունից։

«Ռիադը հիասթափված է իր արևմտյան դաշնակիցների սահմանափակ օգնությունից», – ասել են գործակալության աղբյուրները։

Արևմտյան օգնության բացակայությունը կարող է Սաուդյան Արաբիային դրդել բանակցություններ սկսել Իրանի հետ, որը ազդեցություն ունի Եմենի հուսիթների վրա։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը երեկ հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու հուսիթների հետ հակամարտությունը։

Իրանական Press TV հեռուստաալիքը հաղորդում է, որ զրույցի ընթացքում Արաղչին իր գործընկերոջը զգուշացրել է, որ Եմենում ռազմական գործողությունների վրա կենտրոնանալը միայն կվատթարացնի տարածաշրջանում իրավիճակը։ Նա վերահաստատել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև բանակցություններ սկսելու և «քաղաքական լուծում գտնելու» համար։