
Սոցիալական ցանցերում շրջանառվում են Ադրբեջանում դպրոցականների և ուսանողների բողոքի տեսանյութեր, որոնք պահանջում են վերացնել դասերի ժամանակ մուսուլմանական հիջաբ կրելու արգելքը։
Դպրոցներում կրոնական հագուստն արգելելու որոշումը Ալիևի իշխանությունը կայացրել է մի քանի շաբաթ առաջ։ Նոր ուսումնական տարում աշակերտները բախվել են այն փաստին, որ հիջաբ կրող աղջիկներին և երիտասար կանանց այլևս թույլատրված չէ դասերին մասնակցել։
Սա բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Ադրբեջանի հասարակության, այլև Իրանում և Թուրքիայում։
Ադրբեջանցիները՝ իրենց թյուրքական համարող միակ ժողովուրդն են, որոնք դավանում են շիա իսլամ, որի կենտրոնը Իրանն է։ Սեփական հասարակությունը իրանական ազդեցությունից պաշտպանելու համար Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ հալածել է շիա քարոզիչներին, փակել կրոնական դպրոցները և ընդգծել պետության աշխարհիկ կարգավիճակը։
Թեկուզ Ադրբեջանում հիջաբ կրելու վերջին արգելքը ևս ուղղված էր Իրանի դեմ, հնարավոր է՝ որպես Իսրայելի հետ բարեկամությունն ամրապնդող քայլ, այն անսպասելիորեն զայրույթի ալիք է բարձրացրել Թուրքիայում։
Հակաադրբեջանական բողոքի ցույցեր են բռնկվել Թուրքիայում, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը չի լքել ՄԱԿ-ի դահլիճը Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ, չնայած Էրդողանի հակաիսրայելական ելույթին։ Բողոքի ցույցերը Թուրքիայում սակայն կենտրոնացել էր հենց հիջաբ կրելու արգելքի վրա։
Թուրքիայում, որը նույնպես իրեն աշխարհիկ պետություն է համարում, հիջաբ կրելը ո՛չ պարտադիր է, ո՛չ էլ արգելված։ Էրդողանի կինը ցուցադրաբար գլխաշոր է կրում։
Մոտ հարյուր տարեկան Ադրբեջանը, չնայած զգալի ջանքերին, այդպես էլ չի կարողացել ադրբեջանցիների ազգային ինքնություն ձևավորել։
Մուսուլմաններ, կովկասյան թաթարներ, օղուզ թուրքեր, իրանական ժողովուրդների՝ լեզգիների, թալիշների և քրդերի ժառանգներ, որոնք դավանում են շիա իսլամ, թաթերի՝ կովկասյան մուսուլման հրեաներ ժառանգներ, իսկ այժմ՝ կովկասյան ալբանացիների ժառանգներ, որոնք գրել են հայերեն և առաջինն են աշխարհում ընդունել քրիստոնեություն։ Էթնոգենեզի նման «դիապազոնը» անխուսափելիորեն հանգեցնում է ճգնաժամերի «խորթ մայր» ազգերի և մշակույթների հետ հարաբերություններում։
Եվ այժմ կանանց հիջաբները կարող են դառնալ Ադրբեջանին օտարացնող գործոն՝ ինչպես նստակյաց իրանական քաղաքակրթությունից, այնպես էլ քոչվորական թյուրքական քաղաքակրթությունից։
Ավելին, ներքին փխրուն հավասարակշռությունը կարող է խախտվել։ Չէ որ առանց սահմանված ինքնության, անհասկանալի է դառնում, թե հանուն ինչի են կռվել ադրբեջանցիները՝ իրենց վրա վերցնելով հարյուր հազարավոր հայերի տեղահանման մեծ մեղքը։ Ալիևի ամբիցիաների և բիզնես շահերի համա՞ր։
Ճգնաժամը հասել է այն աստիճանի, որ հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները դիմել են Բաքվի իշխանություններին՝ պահանջելով վերացնել կրթության իրավունքի և կրոնի ազատության խոչընդոտները։
Նշվեց, որ «այս միջոցառումներից տուժում են նաև Ղարաբաղյան պատերազմում վերջույթներ կորցրած վետերանների երեխաները և նահատակների ընտանիքների երեխաները», ինչը սրեցին բողոքի ցույցերը։
Տասնչորս տարի առաջ՝ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին, Բաքվում նույնպես բռնկվեց երկրորդ զանգվածային բողոքի ցույցը՝ «Ազատություն հիջաբին»։
Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքը «աշխարհիկ պետության պաշտպանություն» չէ, այլ երկրի Սահմանադրության ուղղակի խախտում, ասում են բողոքողները։ Բաքվի իշխանությունները հղում են կատարում աշխարհիկ պետության սկզբունքին, սակայն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածը հստակորեն արգելում է մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումը կրոնի հիման վրա։ Կրոնի հիման վրա կրթության հասանելիության մերժումը նույնպես սահմանադրական երաշխիքի խախտում է։
Բաքվի Նախարարների կաբինետի պաշտոնական թիվ 309 որոշման մեջ «հիջաբ» բառը չի հիշատակվում։ Սակայն գործնականում գլխաշոր կրող աղջիկներին դպրոցներ մուտք գործելն արգելված է։ Ուսուցիչներին հրամայվում է հանել գլխաշորերը կամ հրաժարական տալ։
Բալախանիի թիվ 69 դպրոցի աշակերտները պաստառ էին պահել՝ «Հիջաբը կրթությանը խոչընդոտ չէ» գրությամբ։ Լրագրող Փոլադ Ասլանովը հացադուլ է հայտարարել թիվ 15 ուղղիչ հիմնարկում՝ որպես բողոքի նշան։ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ «Հիջաբի արգելքը եղբայրության ամոթն է» կարգախոսներով։
Ալիևը հոկտեմբերի 2-ին հայտարարել է. «Թող ոչ ոք քիթը չխոթի մեր կենսակերպի մեջ և մեզ չասի, թե ինչ անենք»։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՀԿ-ների ազգային ֆորումը հայտարարություն է տարածել՝ մատնանշելով ոչ թե Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերը, այլ Իրանի դիրքորոշումը։
ՀԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «վերջին օրերին Իրանի և մի շարք այլ արտասահմանյան երկրների ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական հարձակումներ են նկատվել, որոնք թիրախավորել են Ադրբեջանի պետականության աշխարհիկ մոդելը: Այս հարձակումները նպաստում են երկրում շարիաթի վրա հիմնված կառավարման համակարգի հաստատմանը՝ նպատակ ունենալով մոլորեցնել Ադրբեջանի հասարակությանը և հրահրել սոցիալական անկարգություններ: Մենք խստորեն դատապարտում ենք դպրոցներում աշակերտների և ուսուցիչների հագուստի կանոնների շուրջ քննարկումների միտումնավոր քաղաքականացումը, ինչպես նաև այս հարցը կրոնական բախման վերածելուն ուղղված սադրանքները»:
Ֆորումի հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանը պատմության մեջ մտավ որպես մուսուլմանական Արևելքի՝ թյուրքական աշխարհի առաջին երկիրը, որը ստեղծեց աշխարհիկ պետականության ավանդույթ»։
Մեր երկրում մզկիթները, եկեղեցիները և սինագոգները գործում են կողք կողքի, ասվում է հայտարարության մեջ։ ՀԿ-ների ներկայացուցիչները հիշեցնում են, որ հենց Աղդամի մզկիթով և Շուշիում ազանի ձայնով է սկսվել «գրավյալ տարածքների վերականգնումը»։
Նրանք, ովքեր ձգտում են Ադրբեջանը ընկղմել անցյալի խավարի մեջ և թաթախել այն անգիտության մեջ, երկիրը վերածել մոլլաների պետության, «իրանացնել» այն և հաստատել կրոնական դոգմայի վրա հիմնված կառավարում, երբեք չեն հասնի իրենց նպատակներին, ասվում է հայտարարության մեջ։
Նաիրա Հայրումյան