2004 թվականին Արցախում ստեղծվեց «Հանգանակ» հասարակական կազմակերպությունը, որը երկար տարիներ իրականացնում էր «Սոցիալական և բժշկական օգնություն Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին» նախագիծը։ Նախագիծը նպատակ ունի բավարարել տարեցների բժշկական և սոցիալական հիմնական կարիքները, ապահովել համապարփակ սոցիալական և առողջապահական ծառայություններ՝ դեղորայքի և սննդի մատակարարման հետ մեկտեղ։
«Արցախում մենք մեր հայրենակիցներին տրամադրել ենք սոցիալական և բժշկական ծառայությունների լայն շրջանակ։ Բժշկական ծառայությունները ներառում էին առողջապահական աշխատողների տնային այցելություններ, որոնք գնահատում էին շահառուների առողջական վիճակը և նրանց ապահովում անհրաժեշտ դեղորայքով։ Բացի այդ, ամիսը մեկ անգամ մենք նրանց ապահովում էինք սնունդով։ Գործում էր տնային խնամքի ծառայություն, որի շրջանակներում մեր աշխատակիցները այցելում էին շահառուներին և անհրաժեշտության դեպքում օգնում նրանց առօրյա կյանքում՝ խոհարարության, անձնական հիգիենայի և այլնի առումով։ 19 տարվա գործունեության ընթացքում Արցախում կազմակերպությունը ծառայություններ է մատուցել ավելի քան 1000 միայնակ տարեց հայրենակիցների։
2023 թվականի հոկտեմբերի 25-ի բռնատեղահանումից հետո մեր կազմակերպությունը գրանցվեց որպես «Հանգանակ» բարեգործական ՀԿ, և այժմ մենք շարունակում ենք առաքելությունը Հայաստանում: Մեր գործունեությունը վերսկսելուց անմիջապես հետո սկսեցինք փնտրել մեր արցախցի շահառուներին, ովքեր, ինչպես բոլոր արցախցիները, ցրված են ամբողջ Հայաստանում: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց գտնել նրանց գրեթե բոլորին: Մոտ 20%-ը արտագաղթել է Ռուսաստան: Եվս 20%-ը գտնվում է Հայաստանի ծերանոցներում և այլ համապատասխան հաստատություններում:
Այս պահին մեր շահառուների թիվը 240 մարդ է: Նրանց մեծ մասը բնակվում է Երևանում, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում: Հովանավորների շնորհիվ մենք կարողացանք նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել 2 ամիս՝ 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Մինչև 2024 թվականի օգոստոսը մենք շահառուներին ապահովեցինք բոլոր անհրաժեշտ դեղորայքով, սնունդով և այլն: Բացի այդ, մեր մասնագետները այցելեում էին շահառուներին՝ նրանց տրամադրելով հոգեբանական-սոցիալական աջակցություն:
Զուգահեռաբար, մենք անցկացրեցինք ուսումնասիրություն և վիճակի գնահատում, որը ցույց տվեց, որ մեր շահառուների 25%-ը կարիք ունի անհատական խնամքի: Այսպիսով, մինչ օրս նրանք ստանում են անհատական համապարփակ աջակցություն, որը ենթադրում է մասնագետներին ժամանակացույցով այցելություններ: Այս նախագծի շրջանակներում, շաբաթվա ընթացքում շահառուներին այցելում են սոցիալական աշխատողներ, բժշկական աշխատողներ և հոգեբան:
Մենք համագործակցում ենք «Էմպաթիա» հիմնադրամի հետ, որը մեր մասնագետներին տրամադրում է աշխատանքային տարածք: Բացի այդ, հիմնադրամի համահիմնադիր Անահիտ Լալայանը կամավորական հիմունքներով աշխատում է մեր թիմում՝ շահառուներին տրամադրելով հոգեբանական աջակցություն:
Ապագայում նախատեսվում է բացել միայնակ, տարեց մարդկանց համար նախատեսված ցերեկային և պալիատիվ խնամքի կենտրոն, որը հասանելի կլինի ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում մեր հայրենակիցների համար»։
Այս մասին Step1.am-ի հետ հարցազրույցում ասել է «Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ և ծրագրերի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը։
Արսեն Աղաջանյան