Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է: Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ։ Այս մասին հայտարարել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
Նա նաեւ նշել է. «Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել : Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին առնչվող ընկերությանը մեղադրում է ադամանդների հափշտակման կապի մեջ։ Այս մասին նշված է ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ։
Դրա համաձայն՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Алроса ընկերությունից ադամանդների սիստեմատիկ հափշտակման դեպքեր են բացահայտել, որոնցում ներգրավված են եղել կոնցերնի աշխատակիցներից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին և Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը։
«Մոտ 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների հերթական խմբաքանակի հափշտակման փորձի ժամանակ վերոնշյալ անձինք ձերբակալվել են»,- հաղորդում է ФСБ-ն՝ նշելով, որ հանցագործության կազմակերպիչները Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրներն են, «որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ ադամանդի հումքի մաքսանենգության համար»։
Ռուսաստանի անվտանգության ծառայության պնդմամբ՝ «հափշտակված ադամանդները առաքվում էին Հայաստանում գործող «Դայմոնդ» ընկերությանը, որի շահառուն է գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խ․Ա․ Սուքիասյանը», նշված է ФСБ-ի հայտարարության մեջ։