Step1.am-ի զրուցակիցն է «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը։
–Արցախցիները դարձյալ կանգնում են սոցիալական լուրջ խնդիրների առաջ, քանի որ 40 հազարական դրամ աջակցություն այլեւս չեն ստանալու։ Ստեղծված է մի իրավիճակ, որ Հայաստանի կառավարությունը սոցիալական հարցերի միջոցով կախվածության մեջ է պահում արցախցիներին, երբ պետք է վրանը հանել Ազատության հրապարակից, խոստանում են աջակցել, հետո նորից այլ պայմաններ են առաջադրում, իսկ մարդիկ չեն ընդվզում այս իրավիճակի դեմ։ Ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում։
-Իմ տեսակետն այն է, որ հենց 2023 թվականի բռնի տեղահանությունից սկսած՝ չպետք է մանր-մունր սոցիալական հարցերի վրա կենտրոնանայինք, այլ մեր քաղաքական ու իրավական իրավունքների մասին պետք է խոսեինք։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների երաշխավորը։ Թեեւ մենք այսօր տեսնում ենք ոտնձգություններ ՀՀ Սահմանադրության նկատմամբ, մասնավորապես, մի քանի դրույթ ուզում են հանել կամ փոփոխել, բայց առայժմ գործում է այդ Սահմանադրությունը։ Եվ մենք պետք է պահանջեինք, որ այս երաշխիքները, որոնք դե յուրե ու դե ֆակտո ամրագրված են, իրացնեն։ Մեր իրավունքներին պետք է տեր կանգնենք եւ ստիպենք, որ ՀՀ-ն՝ որպես երաշխավոր, տեր կանգնի մեզ։
Մենք շրջափակման մեջ ենք եղել, բայց Հայաստանի իշխանությունները հայտարարել են՝ մենք չենք խառնվելու, որ արցախցիների անվտանգության հարցն արդեն ռուսական զորքի պատասխանատվության տիրույթում է։ Սկսած այդտեղից, մինչեւ զանգվածային բռնի արտագաղթը ու դրանից հետո էլ մենք էլի կենտրոնացած ենք ինչ-որ 50 հազար, 100 հազար աջակցության վրա։ Ես հիմա էլ եմ ապշում, նույնիսկ բնազդաբար ինձ թույլ չեմ տալիս մինչեւ վերջ կարդալ այդ բնակապահովման ծրագրի դրույթները, որովհետեւ դա աբսուրդ է այն պայմաններում, թե մենք ինչ ենք կորցրել եւ ինչ են փորձում մեզ փոխհատուցել։ Փորձում են լռեցնել մեզ այդ փոխհատուցմամբ, սա աննկարագրելի դիմադրություն է առաջացնում ինձ մոտ։
Ես մի անգամ շեշտել էի, որ Կիրանցի այն տների համար, որոնք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, ՀՀ պետական բյուջեից գումար են հատկացրել եւ ամբողջական փոխհատուցում տվել։ Հիմա ինչո՞վ է տարբերվում մեր դեպքը, Հայաստանի իշխանությունը կանգնեց ու ասաց՝ «Արցախը Ադրբեջանի մաս է», այսինքն՝ նույն իրավիճակն է, բայց մեզ ինչ-որ 3 մլն դրամ են փոխհատուցում։ Ասում են, որ բնակապահովման ծրագիրը 3 մլն դրամից է սկսվում, բայց իրականում այդպես չէ, սկսվում է 2 մլն դրամից, որովհետեւ ով գործող հիփոթեքային վարկ ունի, իրենց ընդամենը 2 մլն դրամ փոխհատուցում է հասնում։
Ես մի քանի առաջարկ եմ արել նաեւ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին, ասել եմ՝ ինչ պիտի անել։ Որոշ քայլեր չենք արել, հիմա մեզ մնում է շատ չձգձգել այս հարցը։ Մեր վերջին հույսն ու միակ տարբերակն այն կինի, որ ցուցադրական դուրս գանք ու տասնյակ, հարյուրավոր վրաններ տեղադրենք՝ ի ցույց միջազգային կառույցների, դոնորների, որ այսպես է ՀՀ-ն մեր հարցերը լուծում։ Չպետք է ամեն մեկը փորձի իր հարցը լուծել կամ մեկը որոշի արտագաղթել, մեր պահանջները ներկայացնելու հարցում պետք է միասնական լինենք։ Ես մի քանի տխուր դրվագներ տեսա, երբ մարդիկ իսկապես փողոցում են հայտնվել՝ եւ բազմազավակ ընտանքիներ, եւ միայնակ տարեցներ, եւ պատերազմի մասնակցիներ։ Բայց դարձյալ այս ամենը գալիս է նրանից, որ հարցին ճիշտ չենք մոտեցել։ Էլ չեմ խոսում Արցախի իշխանությունների վարքագծի մասին։ Արցախի ներկայացուցչությունը կա, չկա, որեւէ մեկիս վրա որեւէ կերպ չի անդրադառանում։
-Արցախի իշխանությունները հիմնականում պատճառաբանում են, որ ռեսուրս չունեն։
-Ես իմ կազմակերպության օրինակը կարող եմ բերել՝ իմ հիմնադրամը երբեւէ որեւէ տեղից աջակցություն չի ստացել, բայց մենք մաքսիմալ ծրագրերը փորձել ենք անել, նույնիսկ մեր ընտանիքի միջոցներն ենք ներդրել հանուն մեր ընդհանուր շահի։ Արցախի ներկայացուցչության շենքը կա, գոնե նստելու տեղ ունեն, կարող են մարդկանց խնդիրները լուծել, համապարփակ առաջարկություններ անել։ Համենայնդեպս ես որեւէ տեսանելի բան չեմ նկատում։
Հասկացանք, պետական ինստիտուտների պահպանման հարցը կարեւոր է, Ադրբեջանը 30 տարուց ավելի ձեւական պահել է թեկուզ իր վարչական շրջանների ղեկավարներին։ Ես դեմ չեմ պետական ինստիտուտների պահպանմանը, բայց այդ ինստիտուտները գոնե որոշակի գործառույթ պետք է իրականացնեն, որ արցախցիները զգան՝ տեր ունեն։ Տեսնում ենք, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են վերաբերվում մեզ, արդեն Արցախ բառն էլ չպետք է օգտագործենք։
Մենք 30 տարի ունեցել ենք ՀՀ անձնագիր, հիմա ասում են՝ այդ անձնագիրը ՀՀ անձնագիր չէ։ Մեզ համար արհեստածին խնդիրները շատ-շատ են, եւ բնականաբար դժվար է լինելու, բայց մենք պետք է դա հենց սկզբից գիտակցեինք։ Չգիտես ինչու՝ մարդիկ հույս ունեին, որ գալու են այստեղ, ստանալու են իրենց գույքի փոխհատուցում։ Մյուս կողմից շատ ցավալի են այն մեկնաբանությունները, որոնք մարդիկ անում են՝ «եթե մեզ աջակցություն չեք տալու, ուրեմն մեզ վերադարձրեք մեր տները»։ Այսինքն՝ երբ աջակցությունը դադարում է, այդ ժամանակ եք հիշո՞ւմ հայրենիքդ, այդ ժամանակ եք հիշո՞ւմ, թե ինչ եք կորցրել։
–Այսինքն՝ այս իրավիճակը Հայաստանի իշխանություններին ձեռնտո՞ւ է, այսպիսով կախվածության մեջ են պահո՞ւմ արցախցիներին։
-Այո, բայց գոնե մի խումբ լիներ, որը կասեր՝ մենք հրաժարվում ենք բոլոր աջակցություններից, մի տվեք ոչինչ։ Ոչ թե հիմա, այլ վաղուց պետք է ծայրահեղ քայլերի գնայինք, բայց էլի չարեցինք։ Ինչպես Արցախում էինք, նույնը այստեղ ենք շարունակում։ Ի սկզբանե այսպես պետք է դրվեր հարցը, որ աջակցություն պետք չէ, ինչպես դուք ճանաչել եք Արցախն Ադրբեջանի մաս, դրա հետեւանքներն էլ պետք է կրեք՝ եւ քաղաքական, եւ իրավական առումով։ Մենք էլ համաձայնել ենք այս պայմաներին, Արցախի հարցը սոցիալական ու հումանիտար հարց ենք սարքել։
Գնում հանդիպում ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, իրավական հարցեր չեն բարձրացնում, ասում են՝ մենք ձեզ հումանիտար աջակցություն կցուցաբերենք։ Օրինակ՝ մի քանի ամիս առաջ, երբ Շվեյցարիայի դեսապանատան դիմաց հավաք անցկացրեցինք, ասացինք՝ ուզում ենք դեսպանին հանդիպել, անվտանգության աշխատակիցը գնաց-եկավ, վերջում բերեց մի փաստաթուղթ, ասաց՝ սա այն ապացույցն է, թե մենք 2023 թվականից սկսած ձեզ ինչքան ենք աջակցել։ Ես բարձրաձայն ասացի՝ ես ինքս դեմ են այդ աջակցություններին, խոցելի խավին աջակցում եք, սովորեցնում եք, իրենք այլեւս պահանջատեր չեն դառնում։
Արցախում էլ էր իրավիճակը նույնը, շրջափակման ժամանակ ռուս խաղաղապահները բերում մեկ կիլոգրամ կարտոֆիլ ու սոխ էին բաժանում, ասում էի՝ մի վերցրեք, իրենք թող նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրենց ստանձնած պարտավորությունը կատարեն, իրենց ողորմությունը մեզ պետք չէ։ Բայց մարդիկ չէին ընդունում ասածս։ Հիմա նույնն այստեղ է շարունակվում։ Մեր վարքագիծը եւ ռուսը գիտի, եւ ամերիկացին, միջազգային հանրությունը եւ ՀՀ իշխանությունները գիտեն, թե մենք մեզ ոնց ենք պահում, ըստ այդմ էլ մեր նկատմամաբ գործում են։
Ռոզա Հովհաննիսյան