Հարցում․ 63% կարծում է, որ առանց Արցախյան հարցի լուծման հնարավոր չէ կնքել «խաղաղության պայմանգիր»

  • 09:37 24.06.2025

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը հրապարակել է հերթական Սոցիալական հարցումների արդյունքները: Հարցերի մի մասը վերաբերվում էր Արցախին։ 

Արդյունքները «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց Euromedia-ի եթերում:

«Ներքին քաղաքականությանը վերաբերվող հարցումների ժամանակ քաղաքացիների 68%-ը նշել է, որ կառավարթյունը վարում է սխալ քաղաքականություն, իսկ իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականության հետ համաձայն չեն մեր հայրենակիցների 58.9 %։ Հետևաբար, կարելի է փաստել, որ քաղաքացիների շուրջ 60% դժգոհ է պետության թե ներքին, թե արտաքին քաղաքականությունից, և նախորդ տարիների համեմատ դժգոհությունը աճում է:

Քաղաքացիների 68% համարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանգիր կնքելով, հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության հաստատման, իսկ 63% կարծում է, որ առանց Արցախյան հարցի լուծման հնարավոր չէ Ադբեջանի հետ կնքել առհասարակ խաղաղության պայմանգիր:

Քաղաքացիերի շուրջ 88% վստահ է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, և այս գաղափարին չի հավատում նրանց ընդհամենը 11%։ Արցախցիների վերադարձի մասին հարցման դեպքում արդյունքները հետևյալն են. քաղաքացիների 11.2% համարում է, որ դա հնարավոր է միջազգային երաշխիքներով Ադրբեջանի կազմում ապրելու դեպքում, 8,3%՝ ռուս խաղաղապահների վերադարձի դեպքում, 8%՝ շատ հեռու ապագայում Ադրբեջանում իշխանափոխության ու բարեփոխումներ իրականացնելու դեպքում և ճնշող մեծամասնությունը, այսինքն՝ 67.4 % համարում է, որ Արցախ հայ բնակչության վերադարձը հնարավոր է միայն Հայաստանի հզորանալու և Արցախը կրկին ազատագրելու դեպքում:

Ավելացնեմ, որ հարցումներն իրականացվել են անբողջ Հայաստանի բնակչության շրջանում», նշել է Արմեն Խաչիկյանը։

Հակառակ պարտադրված կարծիքի, թե հայ ժողովուրդը եկել է համաձայնության և «զոհաբերել» Արցախը՝ հանուն Հայաստանի պահպանման, հասարակական կարծիքի անկախ հարցումները ցույց են տալիս, որ Արցախի հարցը շարունակում է մնալ ներքին և արտաքին քաղաքականության հիմնարար գործոն։

Այսպես կոչված հայկական «իստեբլիշմենթը» ամեն կերպ փորձում է Հայաստանի քաղաքացիների մեջ ներշնչել այն միտքը, որ Արցախն այլևս օրակարգում չէ։ Եթե իշխանամետ ուժերը դրա մասին խոսում են ուղիղ, ապա ընդդիմությունն դա անում է անուղղակիորեն. խոսելով «վերադարձի իրավունքի» մասին, ընդդիմադիր գործիչները իրենց պարտականությունն են համարում կատարել վերապահում՝ «չնայած որ Արցախը կորած է»։

Հայ ժողովուրդը չի հավատում, որ Արցախը կորած է, դա վկայում են ոչ միայն հարցումները, այլև հայ հասարակության մեջ Սահմանադրության հավանական փոփոխության և 1989 թվականի Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին որոշման վրա հղումը Սահմանադրությունից հանելու նկատմամբ լուռ դիմադրությունը։ Հենց այս լուռ դիմադրությունն է, որը իշխանություններին հետ է պահում սահմանադրական փոփոխություններ հապճեպ իրականացնելուց։