Քիրս լեռան ստորոտում ծվարած Ավետարանոց գյուղը մի իսկական դրախտավայր էր հիշեցնում: Աննկարագրելի դյութիչ բնություն, կուսական անտառներ, մաքրամաքուր օդ ու ջուր, անվերջ դայլայլող թռչունների երամներ, պարզապես՝ մի երանելի բուրաստան:
Ավետարանոցը գոյություն է ունեցել դեռևս մեկուկես հազարամյակ առաջ: Այն եղել է Վարանդա գավառի կենտրոնը և մելիքների նստավայրը: Միջնադարում և հատկապես մելիքների տիրապետության շրջանում բնակավայրը շրջապատված է եղել հզոր և ամուր պարիսպներով, որոնց որոշ հատվածներ մնում են մինչև օրս: Մնում են նաև մելիքների թաղկապ ապարանքների արդեն կիսով չափ փլված պատերի և այլ ավերակների մնացորդները:
Ըստ ավանդության Աղվանքի թագավոր Վաչե Երկրորդը ճգնավոր դառնալուց հետո հաստատվել է այստեղ և իրեն նվիրել Քրիստոսի Ավետարանին: Այստեղից և գյուղը կոչվել է Ավետարանոց:
Գյուղն առանձնանում է իր հնամենի մեծ և փոքր հուշարձաններով, խաչքարերով: Հենց գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է 1651 թվականին: Հուշարձանների մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Կուսանաց անապատը: Համաձայն եկեղեցու մուտքի վերևի արձանագրության՝ այն կառուցվել է 1616 թվականին: Կուսանոցի շինարարներն օգտագործել են ավերված շենքների քարեր՝ ընդգծելու, որ կառուցել են նախկինում եղած կրոնական հայտնի օջախի տեղում: Հնում այդտեղ եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, ինչի մասին են վկայում գրավոր աղբյուրները և հին արքայատան մնացորդները: Հետազոտություններն ապացուցել են, որ այստեղ է գտնվել Մելիք-Շահնազարյանների դամբարանը: Եկեղեցու բակում են ամփոփված մելիք-իշխանների և քահանաների աճյուններ, տաճարի պատերում որմնաշարված են տարբեր դարաշրջանների խաչքարեր:
Գյուղում կարելի էր տեսնել հիանալի ճարտարապետական նմուշների հետքեր: Նախ և առաջ դրանք Շահնազարյանների երեք մելիքական ապարանքներն են, որոնց պահպանված բարվոք վիճակը բավականին քանակությամբ տեղեկություններ է տալիս այդ դարաշրջանի արցախյան պալատականների կենսակերպի և կենցաղի մասին:
Մելիքանիստ գյուղի քաջորդիներն Արցախյան պայքարի անձնվեր մարտիկները դարձան: Ավետարանոցցին կանգնեց պաշտպանելու իր անառիկ գյուղն ու Արցախ աշխարհը: 1990 թվականի սկզբներին Համլետ Ստեփանյանի հրամանատարությամբ Ավետարանոցում կազմավորվեց կամավորական ջոկատ, որի հիմքի վրա 1991 թվականի վերջին ստեղծվեց վաշտ: 1992 թվականից ջոկատն առանձին, վաշտն Ասկերանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել են Արցախի մի շարք բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Գումարտակը ղեկավարում էր Արշավիր Ղարամյանը:
Ավետարանոցի տղաներն ակտիվորեն մասնակցել են Արցախյան բոլոր պատերազմներին․ 32 հայորդի զոհվել է Արցախյան առաջին, 10-ը՝ 2020-ի, 2-ը՝ 2023-ի պատերազմներին, իսկ 1 հոգի զոհվել է 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունի ժամանակ։ 2020-ին 2 հոգի գերեվարվել են․ առայսօր նրանց ճակատագրերն անհայտ են։
Վերջին անգամ այցելել եմ Ավետարանոց հայերիս համար հաղթական մայիս ամսին՝ 44-օրյա պատերազմից առաջ։
-Գյուղն ամբողջությամբ ընկղմված էր կանաչի մեջ․ ասես տաղանդավոր նկարչի վրձին էր աշխատել ու գյուղն իսկական հեքիաթի վերածել: Մնում էր միայն հմայվել ու վերստին համոզվել՝ ինքա՜ն գեղեցիկ ու գողտրիկ է մեր Արցախ աշխարհի ամեն մի անկյունը:
Ավետարանոցի նորակառույց մանկապարտեզի շենքից հորդում էր երեխաների կարկաչուն և անհոգ ծիծաղը, բարձր տրամադրություն հաղորդում գյուղի մեծերին, ովքեր մանկապարտեզի կողքով անցնելիս մի պահ կանգ էին առնում և օրհնանք տալիս այդ հիանալի օջախը կառուցողներին:
«Երանի՜, գյուղում միշտ խինդ ու ծիծաղ լինի, ավելի շատ երեխաներ ծնվեն, գյուղը ծաղկի ու շենանա»,- մտածում էին բոլորը։
Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի երբեմնի փառքի մասին շատ էի լսել: Այցելեցի․ դպրոցի բակում աշխուժություն էր նկատվում: Պարզվեց, որ տարրական դասարանների աշակերտների մի մասը վերադառնում էր շաբաթօրյակից․ ոգևորված երեխաները սանմաքրման աշխատանքներ էին իրականացրել «Դախշուն» կոչվող տեղամասում: Ուսուցիչների հետ նրանք մաքրել էին սառնորակ աղբյուրի շրջակայքը, որպեսզի ամեն մի անցորդ վայելի անմահական ջուրը: Իրար հերթ շտալով՝ փոքրիկները պատմում էին, որ օրեր առաջ բարձր դասարանցիներն էին շաբաթօրյակ կազմակերպել «Ցուրտ աղբյուր» կոչվող տեղամասում:
Երբ մտա դպրոցի շենքը, անմիջապես աչքս շոյեց «Ղարաբաղյան շարժում» խորագրով պատի թերթը, որը մատաղ սերնդին բովանդակալից ներկայացնում էր այն ամենը, ինչ կատարվել էր տարիներ առաջ: Մայիսյան եռատոնին նվիրված պատի թերթ էր լույս ընծայվել, թարմացված էին նաև փառքի անկյունները:
Աշխուժությունը շարունակվում էր նաև դպրոցի ներսում: Երկրորդ դասարանցիները նշում էին ռուսերենի այբուբենի տոնը, որին մասնակցեցի մեծ ուրախությամբ:
Հետո ֆիզիկայի ուսուցչուհի Ալվինա Հայրապետյանի հետ շրջեցի դպրոցում: Երբեմնի հզոր դպրոցը վերանորոգման խիստ կարիք էր զգում: Սակայն, ինչ ժառանգել էին տարիներ առաջ ստեղծածից, ուսուցիչները պահում էին ամեն գնով և սրտացավությամբ: Ֆիզիկայի լաբորատորիայում ամեն ինչ այնպես էր, ինչպես թողել էր ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Իվան Աթայանը: Դասասենյակի ամենապատվավոր տեղն զբաղեցնում էր ուսուցչին նվիրված անկյունը, որը կրում էր «Ընդմիշտ մեզ հետ» խորագիրը: Լինելով Իվան Աթայանի աշակերտուհին, ապա նրա գործընկերը՝ վաստակաշատ ուսուցչուհի Ալվինա Հայրապետյանն ակնածանքով և հուզմունքով էր խոսում իր ուսուցչի, նրա թողած մեծ ժառանգության մասին․ «Փոքրուց շատ էի սիրում հայոց լեզու և գրականություն, սակայն առավել սիրում ու հարգում էի ընկեր Աթայանին: Եվ այդ զգացմունքն այնքան ուժեղ էր իմ մեջ, որ ես նախընտրեցի ֆիզիկի մասնագիտությունը: Ամբողջ կյանքում աշխատեցի նմանվել նրան, դարձա նրա հավատարիմ հետևորդը»,-ասում է Ա․ Հայրապետյանը։
Այնուհետև Ալվինա Հայրապետյանի հետ, ով հաճույքով էր ստանձնել իմ ուղեկցուհու դերը, շրջեցի գյուղում: Դպրոցի տնօրենության, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների մշտական ուշադրության կենտրոնում էին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում նահատակված ավետարանոցցիների հիշատակին կանգնեցված հուշարձանների, հուշաղբյուրների բարեկարգման և խնամքի աշխատանքները: Այս սրբատեղերի պահպանումը յուրաքանչյուրն իր առաքելությունն էր համարում:
Ավետարանոցում ամեն ինչ ինձ համար հետաքրքիր էր, գեղեցիկ: Ալվինա Հայրապետյանը պատմում էր գյուղի և գյուղացու առօրյայի մասին: Գարնանային արևոտ այդ օրը համարյա բոլորն այգիներում էին: Հողի մշակ ավետարանոցցին չէր կարող պարապ նստել, նա ժրաջան մեղվի պես աշխատասեր էր ու ստեղծող: Մեծամասնությունն աշխատում էր գյուղից դուրս՝ ահել, թե ջահել:
Այդ օրը ես շատ բան իմացա Ավետարանոցի մասին, վայելեցի գյուղի ամեն մի անկյունը, հիացա մարդկանց վերաբերմունքից։ Հանդիպեցի նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերան Արաքսյա Խաչատրյանի հետ, լսեցի նրա կյանքի պատմությունը և երկարակյաց լինելու գաղտնիքները։
Երբ եկավ տուն դառնալուս ժամանակը, մի տեսակ չէի ցանկանում բաժանվել այդ կախարդական բնաշխարհից, այդ աշխատասեր և առանձնահատուկ ժողովրդից: Այդ պահին իմ մտքում միայն մի ցանկություն կար. մելիքանիստ Ավետարանոցում թող մարդիկ ապրեն հույսով ու հավատով լցված, թող գյուղում ավելանան մանկան ճիչերը։
Ցավոք, Աստված չկատարեց իմ ցանկությունը։
2020-ին ընկավ Ավետարանոցը, բնակչությունը տեղահանվեց, իսկ 2023-ի սեպտեմբերին ընկավ ողջ Արցախը։
Գյուղի բնակչությունը սփռված է աշխարհով մեկ, սակայն համայնքի նախկին ղեկավար Սմբատ Մադաթյանը շարունակում է համախմբել գյուղացիներին, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տեղահանությունից հետո։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ