Ադրբեջանն այսօր շատ մեծ ռեսուրսներ է օգտագործում մեր դեմ։ Իրենք շատ լուրջ են մոտենում հոգենաբանական եւ ինֆորմացիոն պատերազմին եւ շատ լավ են հասկանում, որ մենք հզոր ենք, որ մենք ուժ ենք։ Այս մասին այսօր «Հայոց Արեւելից կողմեր․ Գարդման․ պատմություն եւ իրականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը։
Նա նշեց, որ այսօր ամբողջ աշխարհը հասկանում է, որ Հայաստանը դա մեծ քաղաքակրթություն է, բայց հայ մարդը չի հասկանում, որ ինքը հենց քաղաքակրթության հիմքն ու սկիզբն է։ «Եվ եթե մենք սրան ուշադրություն չդարձնենք, կորցնելու ենք ինքներս մեզ։ Ոչ թե միայն պետականությունը եւ պետությունն ենք կորցնելու, այլ նաեւ ինքներս մեզ, որովհետեւ աշխարհն արդեն մտնում է ցիվիլիզացիոն պատերազմի դաշտ։ Մենք մեր մասին շատ բան չգիտենք, չենք ընդունում, որ քաղաքակրթություն ենք»,- ասաց նա։
Հայկ Տրունյանի խոսքով՝ երբ Ադրբեջանը ստեղծում էր իրենց առաջին հանրապետությունը, Գանձակն էր դարձել իրենց մայրաքաղաքը, որովհետեւ իրենք գիտեին Գանձակի կարեւորությունը։ Իրենք գիտեին նաեւ, թե Գարդմանն ինչքան կարեւոր կամուրջ է եղել հայկական աշխարհի եւ հյուսիսային Կովկասի միջեւ։ Իրենք հասկանում են դա, որովհետեւ մեր թշնամին շատ լուրջ է աշխատում մեր դեմ։
«Մենք չենք աշխատում մեր թշնամու դեմ, ցավոք, նաեւ մեզ հետ չենք աշխատում, մենք ինքներս չենք հասկանում, թե մենք ովքեր են։ Մենք արդեն հասել ենք նրան, որ առաջինը հայ մարդուն պետք է բացատրենք, որ ցիվիլիզացիա ենք։ Հայ մարդն այսօր հոգեբանական ճնշման մեջ է, չի ուզում, որպեզի լսի, որ ինքը ցիվիլիզացիա է, վախենում է լսել, որ իր նախնիները եղել են հզոր մարդիկ, որովհետեւ երբ դա լսում է, նեղվում է, զգում է, որ ոչինչ է։ Այդ ոչնչությունը մարդուն ճնշում է, եւ ավելի հեշտ է դառնում հրաժարվել անցյալից, քան ընդունել նախնիների հզորությունը։ Սա նրանից, որ մեր դեմ աշխատանք է տարվում, ռազմավարական կենտրոններ կան, որոնք այսօր Ադրբեջանում ու Թուրքիայում մեր դեմ ռազմավարական հոգեբանական ծրագրեր են պատրաստում»,- հավելեց նա։
Հայկ Տրունյանը նշեց, որ եթե չարթնանանք, չհասկանանք, որ հայկական քաղաքակրթությունը աշխարհի հումանիզմի կամուրջն է, մենք մեզ ենք կորցնելու։ Քանի դեռ այդ հնարավորությունն այսօր մեզ աշխարհը տալիս է, պետք է օգտագործենք։ «Մենք չենք պարտվել, մենք ուժեր ունենք, խնդիրն այն է, որ այսօր մեր պետությունը չի զբաղվում դրանով։ Բայց դա չի նշանակում, որ մեր հասարակությունը մարդկային կապիտալ չունի։ Մենք ունենք այդ կապիտալն ու պոտենցիալը։ Ավելին ասեմ, այն ուժերը, որոնք այսօր կան Հայաստանում, դրանք միջազգային մակարդակի են»,- նշեց նա։