Իրական կարգավորման հենարանը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, մնացածը լուրջ չէ

  • 19:37 02.07.2025

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Արեւմուտքի միջամտությամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված ինչ-որ գործընթաց գնում է, սակայն դա գործընթաց է, որը փոխարինում է իրական կարգավորմանը։

«Իրական կարգավորման հենարանն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի համաձայնությունն է, որպեսզի Արցախում տեղակայվեն միջագային զորքեր, պայմաններ ստեղծվեն հայերի վերադարձի համար, եւ միջազգային կառավարում հաստատվի՝ մինչեւ տեղի կունենա հանրաքվե, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը։ Սրանք են խաղաղ կարգավորման հենարանները։ Եթե դա չի արվում, մնացած ամեն ինչն իմիտացիա է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագիր», առանց իրավական հիմքերի սահմանազատում կամ ինչ-որ երրորդ կողմերի միջամտությամբ տրանսպորտային ուղիների բացում, այդ ամբողջը խաղաղ կարգավորման իմիտացիա է։ Ես չեմ կարծում, որ առանց քաղաքական որոշումների, տնտեսական եւ այլ բնույթի հարցերով ինչ-որ լուծուներ գտնելը կարող է իրավիճակը տանել կարգավորման»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ եթե կողմերից մեկը՝ տվյալ դեպքում Ադրբեջանը չի կարող գալ հաշտության, ապա մաս-մաս լուծումները սխալ մոտեցում են, որը չի կարող բերել արդյունքի։ «Թրամփը չակերտավոր մի լավ միտք արտահայտեց՝ հասնել խաղաղության պարտադրանքով։ Եվ եթե ինքը երկակի ստանդարտներով չի շարժվում, ապա ԱՄՆ ամենաճիշտ վարքագիծը կլինի այն, որ Ադրբեջանին ուժով պարտադրեն խաղաղ կարգավորման այն բանաձեւը, որը Մինսկի խումբը մշակել էր եւ քննարկել բազմակողմանի բանակցությունների արդյունքում, որին ծանոթ են բոլորը։ Մի խոսքով՝ դա է խաղաղ կարգավորումը, մնացածը ես լուրջ չեմ ընդունում»,- հավելեց Ղուկասյանը։

Ռոզա Հովհաննիսյան