Նախարարը դեռ չգիտի՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու են, թե՞ ոչ

  • 14:30 03.07.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ դեռ որոշում չկա՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու են, թե՞ ոչ։

«Եթե հարցնում եք՝ որոշում ունե՞ք, թե ի՞նչ եք անելու նախաբանի հետ, նույն պատասխանն եմ տալու՝ մինչեւ քննարկումներ տեղի չունենան, որոշում չունենք»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը պատրաստ չէ, առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է հրավիրեն խորհրդի նիստ եւ տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ քննարկում անցկացնեն։

«Երբ կունենանք համապատասխան որոշումներ նաեւ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստը»,- հավելեց նա։

Գալյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ասել էր՝ փորձելու են 10 ամսվա ընթացքում ամփոփել Սահմանադրության տեքստի մշակման աշխատանքները։ Նա այսօր ասաց, որ կփորձեն այս ժամկետի մեջ տեղավորվել։