Նժդեհ Իսկանդարյանը կոչ է անում մասնակցել հուլիսի 12-ի հանրահավաքին

  • 18:33 07.07.2025

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը արցախցիներին կոչ է անում միանալ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին։

«Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ հրապարակում՝ որպես ձեր ընկեր, ձեր ձայնը ներկայացնող մարդ, ում ներսում պայքարը չի մարում որևէ պաշտոնի ստվերում։ Կոչ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու այս ժամանակի բեռը և ձևավորելու մեր երեխաների ապահով վաղվա օրը»,- նշել է նա։

Արցախցիներին ուղղված տեսաուղերձում Նժդեհ Իսկանդարյանն ասում է․ «Իմ նպատակը մեկն է՝ ձեր ձայնը հասցնել այնտեղ, որտեղ կայացվում են որոշումներ։ Այսօր էլ իմ առաջնահերթություններն անփոփոխ են՝ բնակարանային ապահովման ծրագրի բարելավում, սոցիալական աջակցությունների շարունակություն, արցախցիների իրավունքների բարձրաձայնում միջազգային հարթակներում։ Բայց այս ամենը պետք է արվի ձեր մասնակցությամբ, բարձր պատասխանատու մթնոլորտում։ Երբ ինձ առաջարկվեց ստանձնել պետնախարարի դերը, առաջին հարցը, որն ինքս ինձ տվեցի, հետեւյալն էր՝ կարո՞ղ եմ արդյոք այս ճանպարհով առավել արդյունավետ շարունակել մեր պայքարը՝ հանուն արցախահայության իրավունքների, արժանապատիվ ապագայի։ Իմ պատասխանը հստակ է՝ այո։ Ոչ թե պաշտոն էի տեսնում իմ առաջ, այլ պատասխանատվություն, ոչ թե լիազորություն, այլ պարտավորություն՝ ծառայելու իմ ժողովրդին։ Սա հարթակ է՝ շարունակելու այն պայքարը, որը միասին ենք սկսել։ Եվ ամենակարեւորը՝ այս առաջարկությունը ստացել եմ ոչ թե ՀՀ կառավարությունից, այլ Արցախի իշխանություններից»։

Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ այս պայքարը մերն է՝ մեր ընտանքների եւ ամբողջ ազգի ապագայի համար։