Սպիտակ տանը Թրամփի հետ ընթրիքի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լրագրողներին ասել է, որ Իսրայելը համագործակցում է Միացյալ Նահանգների հետ՝ գտնելու այն երկրները, որոնք կընդունեն Գազայից բռնի տեղահանված պաղեստինցիներին: Նեթանյահուն նաև առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։
Ընթրիքի սկզբում լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին, թե ինչպես են ընթանում աշխատանքները Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղղությամբ, որտեղ Իսրայելի և Համասի միջև մարտերը շարունակվում են արդեն 22 ամիս: «Ես չեմ կարծում, որ որևէ ուշացում կա: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում», – ասել է Թրամփը: Նա կարծիք է հայտնել, որ կողմերը «ցանկանում են հանդիպել և ուզում են դադարեցնել կրակը»։
Նեթանյահուն, իր հերթին, ասել է, որ Իսրայելը «միշտ» կպահպանի Գազայի հատվածի վերահսկողությունը և այդ վերահսկողությունը ամբողջությամբ չի փոխանցի Պաղեստինի ինքնավարությանը: «Մարդիկ կասեն, որ սա լիարժեք (պաղեստինյան. – խմբ.) պետություն չէ, որ սա պետություն չէ: Մեզ համար միևնույն է», – ասել է Իսրայելի վարչապետը։