Աբու Դաբիում մոտ հինգ ժամ տևած հայ – ադրբեջանական բանակցություններն, ըստ ադրբեջանական աղբյուրների, ավարտվել են:
ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները», – ասված է հաղորդագրւթյունում:
Ադրբեջանական կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք են մեկնել արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Ադրբեջանական լրատվամիջոցները Աբու Դաբիից փոխանցում են, թե «լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»:
Ռուսական լրատվամիջոցներն են տեղեկություններ հրապարակում հայ – ադրբեջանական բանակցություններից՝ հղում անելով դրանց կազմակերպմանը մոտ աղբյուրներին: Մասնավորապես, ըստ պետական ՏԱՍՍ-ի, Փաշինյան – Ալիև հանդիպման թեման խաղաղության համաձայնագրի շուրջ հակասությունների հաղթահարումն է: «Նպատակը մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրմանը հասնելն է», – նշել է գործակալության աղբյուրը։