Իսկ իրենք մեզ Նախիջևանով ճանապարհ կտա՞ն դեպի Իրան

  • 10:01 11.07.2025

«Դեռեւս շատ մանրամասներ չգիտենք, բայց դատելով նրանից, թե ինչ է քննարկվել մինչեւ հիմա, կարող ենք եզրակացնել հետեւյալը։ Ադրբեջանն իր այն պահանջները, որոնք բաձրաձայնել է նախորդ շրջանում, կրկնել է։ Այն է՝ ԵՄ դիտրոդների՝ սահմանից հեռացում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն։ Իսկ վերջերս Ալիեւը նաեւ խոսեց 150 մլրդ դոլար փոխհատուցման եւ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին։ Այս բոլոր հարցերն ուղղակի կամ անուղղակի շոշափվել են այդ հանդիպման ընթացքում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։

Անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանի տարածքով Ադրբեջանին ճանապարհ կտրվի, որը կարտապատվիրակվի երրորդ կողմին, որպեսզի վերահսկի, Արա Պապյանն ասաց․ «Սա հերթական դեպքն է, երբ Հայաստանի իշխանություններն ասում էին՝ միջանցք չենք տալու, բայց տալու են։ Ուղղակի անունն են ուրիշ դնելու, ինչպես պարտությունը կոչում են հաղթանակ, նույնն էլ միջանցքը կոչելու են խաչմերուկ կամ մեծ ձեռքբերում։ Այս հարցում կարեւորը մանրամասներն են, որոնք մենք չգիտենք։ Ի՞նչ է նշանակում՝ արտապատվիրակել երրորդ կողմին։ Արդյոք ո՞վ է այդ երրորդ կողմը, ի՞նչ լիազորություններ է ունենալում, Հայաստանի ինքնիշխանությունն ինչքանո՞վ է գործելու։ Արդյոք այդ տարածքը դադարելո՞ւ է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածք, այսինքն՝ մեր օրենքները չեն գործելո՞ւ դրա վրա»։

Ըստ Պապյանի՝ ամենակարեւոր հարցն այն է, թե Հայաստանը դրա դիմաց ի՞նչ է ստանում։ «Եթե մենք տալիս ենք Զանգեզուրի միջանցք, նրբանցք, անցում, չգիտեմ՝ ինչ ուզում եք կոչեք, բա իրենք մեզ գոնե չեն տալո՞ւ, օրինակ, Երեւանից Երասխով դեպի Ջուլֆա ու Իրան այդ ճանապարհը։ Դա համարժեք ճանապարհ է, թե՞ միայն մենք ենք իրենց տալու։ Այսինքն՝ եթե խոսում է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, մենք իրենց տալիս ենք 42 կամ 50 կմ ճանապարհ, մի այդքան էլ իրենք թող մեզ տան։ Ես չեմ լսել, որ Հայաստանի իշխանությունը գոնե այդ հարցը բացի։ Զանգեզուրը վտանգված է, բայց մենք գոնե Նախիջեւանի կողմից չունենա՞նք ճանապարհ։ Թող Ադրբեջանը դա պատվիրակի այն նույն օտարերկրյա կազմակերպությանը, որը սպասարկելու է զանգեզուրյան միջանցքը, թող նաեւ սպասարկի նախիջեւանյան միջանցքը։ Այդ դեպքում մենք գոնե համարժեք բան կստանանք, իսկ այս դեպքում ոչ մի համարժեքություն չկա»։

Պապյանը, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մինչեւ տարեվերջ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ասաց, որ չեն կարող ստորագրել, որովհետեւ անգամ մեծ ցանկության դեպքում Նիկոլ Փաշինյանը չի կարող Ադրբեջանի բոլոր ցանկությունները մինչեւ տարեվերջ բավարարել։ Ակնհայտ է, որ Ալիեւի պահանջներն օրեցօր աճում են։

«Օրինակ՝ պահանջում են Սահմանադրության փոփոխություն, սահմանադրական փոփոխության համար հնարաքվե է պետք, հանրաքվեն ընթացակարգ ունի։ Հայտարարվել է, որ դա պետք է արվի ընտրությունների հետ զուգահեռ։ Հետերաբար, Ալիեւն ասելու է՝ մինչեւ Սահմանադրություն չփոխեք, ոչինչ չի ստորագրվի, Սահմանադրություն փոխելն էլ հնարավոր է մյուս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Մյուս հարցը՝ Ալիեւն արդեն պաշտոնապես խոսում է 150 մլրդ դոլար փոխհատուցման մասին, եթե այդ թեման բարձրացնելու է, Հայաստանը 150 մլրդ դոլար ո՞նց է տալու։ Դա Նիկոլ Փաշինյանի պատճառով է, Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Ալիեւը դա կարող է հիմք համարել, Հայաստանին «օկուպացիայի» մեջ մեղադրել եւ դիմել միջազգային դատարաններ։ Ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս եւ հայտարարել, թե Ալմա-Աթիի հռչակագրից է դա բխում։ Այսինքն՝ Ալիեւը կասի՝ «1991 թվականից Արցախն օկուպացրել ես, վնասները 150 մլրդ դոլար է կազմում, բեր մուծվի»։ Եվ էլի շատ նման պահանջներ կան»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան