«Արցախ վերադարձը լինելու է մեր բոլորի պայքարի գլխավոր նպատակը»․ Ապրես Մարգարյան

  • 23:57 11.07.2025

«Ներքին հարցերում մեր նպատակն է Հայաստանում ապահովել Արցախի ժողովրդի արժանապատիվ եւ կայուն կեցության պայմանները՝ կանխելով արտագաղթը եւ խորացող աղքատությունը։ Իսկ հրատապ նպատակը հատկապես սոցիալական վիճակի կայունացումն է, որպեսզի արցախցի ընտանիքները բավարար ժամանակ ու պատշաճ պայմաններ ունենան իրենց խնդիրները լուծելու համար»,- Ազատության հրապարակում ացկացվող հանրահավաքում ասաց Արցախիցների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Նա նշեց, որ կառավարությունը սոցիալական ծրագրերում որոշ փոփոխություն իրականացրել է, բայց հայտարարել, որ տեղի են ունեցել լայնածավալ փոփոխություններ, աբսուրդ է։ «Այն բոլոր էական հարցերը, որոնք ներկայացրել ենք, անտեսվել են։ Իսկ կատարված փոփոխություններն էլ հիմնականում մասնակի ու կոսմետիկ բնույթ են կրում։ Այո, եթե թեկուզ մեկ արցախցու հարց լուծում է ստանում, դա մեզ համար արդեն արդյունք է։

Սակայն մեր պայքարը մեկ կամ երկու անհատի համար չէ, մենք պահանջում ենք համակարգված, ինստիտուցիոնալ լուծումներ տեղահանված ողջ ժողովրդի համար։ Դրանից բացի, մենք պահանջում ենք, որ մեր վերադարձի իրավունքը հարգվի եւ հաշվի առնվի հակամարտության կարգավորման ջանքերում։ Դրան առնչվող մի շարք այլ պահանջներ հրապարակել ենք՝ գերիների վերադարձի, մեր սեփականության ու մշակութային ժառանգության պաշտպանության, միջազգային գանգատներից չհրաժարվելու, Մինսկի խմբի չլուծարման եւ մի շարք այլ թեմաներով»,- ասաց նա։

Ապրես Մարգարյանը կոչ արեց միանալ այս պայքարին, ասաց, որ վաղը կարող է ուշ լինել։ Նա նշեց, որ այսօր կանգնած ենք մեր պատմության ծանր շրջափուլի առաջ։ «Մենք ժամանակավորապես կորցրել ենք Արցախը, բայց չպետք է կորցնենք մեր ինքնությունը, մեր ձայնը եւ արժանապատվությունը։ Մենք լռելու իրավունք չունենք, լռել նշանակում է հաշտվել, իսկ մենք հաշտվելու բան չունենք։ Այսօր մեզ ուզում են տեսնել խեղճացած, հարմարված, բայց մենք դա չենք ուզում, քանի որ Հայաստանը մեր հայրենիքն է, եւ մենք իրավունքներ ու պարտականություններ ունենք այստեղ։ Այսօր պետք է մի բան հասկանանք՝ սա այլեւս ժամանակ չէ հարմարվելու, սա ժամանակ է կանգնելու, միավորվելու եւ պահանջելու։ Եկեք մի կողմ դնենք հիասթափությունը, բաժանումը, միասնական ու վճռական ժողովրդին անտեսել հնարավոր չէ։

Այս պայքարը ոչ միայն մեր իրավունքների մասին է, այլ նաեւ մեր արժանապատվության։ Ու ես այս հարթակից ասում եմ՝ արցախցին չի արտագաղթելու Հայաստանից, Արցախը չենք մոռանալու, Արցախ վերադարձը լինելու է մեր բոլորի պայքարի գլխավոր նպատակը»,- հավելեց Մարգարյանը։

Նա ասաց, որ այսօր նախատեսում էին նաեւ երթ իրականացնել, սակայն ոստիկանություն ու Երեւանի քաղաքապետարանը չեն արտոնել խաղաղ երթի անցկացումը։ «Մենք հորդորում ենք ոստիկանությանը՝ վերանայել իրենց որոշումը։ Մեր համոզմամբ՝ կես ժամը բավարար է, որպեսզի համապատասխան մարմինները վերանայեն իրենց որոշումը եւ թույլ տան իրականացնել մեր երթը դեպի Հանրապետության հրապարակ»,- հայտարարեց Մարգարյանը։