«Ճնշումներ են գործադրում, որպեսզի մենք մեր ձայնը չբարձրացնենք»․ արցախցիներին հրավիրել են ոստիկանություն

  • 19:44 12.07.2025

«Այս հանրահավաքի միջոցով ցույց ենք տալիս, որ կողմ չենք իշխանությունների քաղաքականությանը
արցախցիների վերաբերյալ։ Դա վերաբերում է եւ ներքին, եւ արտաքին հարցերին։ Այն պահանջագիրը, որը
մենք հրապարակել ենք մարտի 29-ին, ուժի մեջ է, եւ այդ պահանջագրի կետերից միայն սոցիալական
բնույթի կետերին են անդրադարձել, որոնց շատ քիչ մասին են իրենք քիչ թե շատ լուծումներ տվել»,-
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողներին
ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Այսօր տեղեկատվություն էր տարածվել, որ նախքան հանրահավաքի մեկնարկը բազմաթիվ արցախցիներ են
հրավիրվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Անդրադառնալով այս տեղեկությանը՝ Բեգլարյանն
ասաց․ «Բնականաբար, ճնշումներ են գործադրում, որպեսզի մենք մեր ձայնը չբարձրացնենք, մեր
իրավունքների համար չպայքարենք։ Ճնշումները տարբեր ձեւերով են արտահայտվում, դա կլինի զրույցի
տեսքով, տարբեր տեղեր, այդ թվում՝ ոստիկանություն հրավիրել, ուղիղ կամ անուղղակի սպառնալիքներ
հնչեցնել, աշխատավայրերում զգուշացումներ անել եւ այլն։ Սա տեղեկատվական դաշտում արցախցիներին
թիրախավորման դեպք էր, որը նոր չէ, երբ մենք ակտիվ ենք լինում, այդ ժամանակ ճնշումներն ավելի
ակտիվ են լինում մեր հանդեպ»։
Երեւանի քաղաքապետարանը միայն արցախցիների հանարահավաքն է արտոնել, երթի ացնակցումն ու
նստացույցն արգելել են։ Ըստ Արտակ Բեգլարյանի՝ մերժման համար չհիմնավորված հիմքեր են
ներկայացրել։ «Իրենք խոսքով՝ դրանք անհնազանդության գործողություններ են, որոնք սպառնում են
հասարակական կարգին։ Այնինչ, անհնազանդության գործողությունները մեր քաղաքացիական իրավունքն
են, եւ այդ գործողություններն անահամաչափ կերպով չեն խախտելու կամ չեն սահմանափակելու այլ
անձանց իրավունքներն ու ազատությունները։ Սրանք Հավաքների մասին օրենքով եւ պրակտիկայով
կարգավորված են, որ մենք մեր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, մեր ձայնը
բարձրացնելու համար իրավունք ունենք համապատասխան գործողություններ կատարել, այդ թվում՝ երթ
իրականացնել»,- նշեց Բեգլարյանը։
Նա ասաց, որ հանրահավաքի կազմակերպիչները պատրաստ են ամեն ինչ անել օրինականության ու
ոստիկանության հետ պատշաճ համագործակցության սահմաններում։ Հարցին, թե նստացույցն Ազատության
հրապարակո՞ւմ են նախատեսում անցկացնել, Բեգլարյանը պատասխանեց, որ տարբեր գաղափարներ են
քննարկվել, հնարահավաքի վերջում կազմակերպիչները հարթակից կհայտարարեն, թե որտեղ են
անցկացնելու նստացույցը։