Կառավարությունը կտրուկ հրաժարվեց երկարացնել 40 հազ․ աջակցության ծրագիրը

  • 14:06 14.07.2025

Կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ բնակվարձի աջակցության ծրագիրը, որը սկզբում 40+10 հազար էր, իսկ վերջին ամսիներին՝ 40 հազարական դրամ, չի շարունակվելու։ Այսօրվա հանդիպումն արդյունք չի տվել։

Գեղամ Ստեփանյանը հավելեց, որ ի սկզբանե գիտեր՝ այդպես էլ լինելու էր։ «Բոլոր քննարկումների ժամանակ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք ամեն ինչ գիտեն, այսինքն՝ տիրապետում են բոլոր խնդիրներին, եւ մեր բարձրացրած խնդիրներն իրականությանը չեն համապատասխանում։ Բայց թե ինչի համար են տասնյակ հազարավոր արցախցիներ ամեն օր սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտում, այդ հարցի պատասխանը չունեն։ Այսինքն՝ կամ այլ մոլորակում ենք ապրում, կամ զուգահեռ իրականությունում ենք ապրում, որ չեն տեսնում, թե մարդիկ ինչ ծանր իրավիճակում են»,- նշեց Ստեփանյանը։

Ըստ նրա՝ արցախցիներն այդ աջակցության կարիքն ունեն, քանի որ դա իրենց բնակվարձի գումարն է։ Թեպետ բնակապահովման ծրագիրը կա, բայց ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել դրանից։

Ստեփանյանը նշեց, որ արցախցի 25 հազար ընտանիքներից այս պահի դրությամբ 1900 ընտանիք է սերտիֆիկատ ստացել, որից իրացվել են ընդամենը 300-400-ը։ Ինչ վերաբերում է փոքր կազմով ընտանիքներին, նա ասաց, որ կառավարությունում քննարկում են այս ընտանիքներին երկարաժամկետ բնակվարձի գումար վճարելու տարբերակը, բայց այդ հարցով էլ դեռ կառավարությունում կոնսենսուս չկա։