Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, հայտարարել են, որ կոմունիկացիաների ցանկացած ապաշրջափակում տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հիման վրա։ Հայտարարվել է, որ դա վերաբերում է և՛ վերահսկողությանը, և՛ սահմանային գործողություններին։ Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով այն հրապարակումները, թե Հայաստանով անցնող ճանապարհի կառավարումը հանձնվելու է ամերիկացիներին։
Ըստ նրա, հայկական պետությունը չի ասել, որ ճանապարհի կառավարումը հանձնում է ԱՄՆ-ին։
«Իսկ ենթադրությունների հիման վրա չենք կարող կարծիք հայտնել։
Կոմունիկացիաների ապաշրջափակման մասով մեր դիրքորոշումը հստակ է։ Ցանկացած ապաշրջափակում պետք է տեղի ունենա Հայաստանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պահպանման հիման վրա։ Մնացածը լրատվամիջոցների ենթադրությունն է»,- նշել է դեսպանը։