Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։
«Ես և իմ ֆրանսիացի գործընկերը (խմբ․՝ Կատրին Կոլոննան) օրակարգում նաև ներառել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է», – ասել է Բերբոքը Տոլեդո քաղաքում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելիս:
Գերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Արցախում էլեկտրամատակարարման խափանումների մասին՝ շեշտելով մարդկանց բնականոն կյանքի համար Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը։
«Եվ այդ իսկ պատճառով մենք վճռական կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն, ի վերջո, պետք է ստանա այն, ինչ հարկավոր է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար», – ընդգծել է Անալենա Բերբոքը։
Բերբոքը նաև նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կարծիքների փոխանակում է տեղի ունենում ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես ստանա մարդասիրական օգնություն։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: