ԱՄՆ Պետդեպի հայտարարությունն Արցախի վերաբերյալ

  • 23:00 31.08.2023

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման շարունակական արգելափակման հետևանքով»,- 1lurer.am-ի փոխանցմամբ՝  նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ՝ ապահովելու մարդասիրական օգնության մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար։

Բացի դրանից՝ Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն, որպեսզի պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին կենսական նշանակության սննդամթերք հասցնելու եղանակների մասին, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ երթուղիներով  և վերսկսեն քննարկումները բոլոր չլուծված հարցերի շուրջ: Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ», նշել են ԱՄՆ պետքարտուղարությունում։