Ասում են, թե ինչ չի լինի, բայց չեն ասում, թե ինչ կլինի

  • 14:56 08.08.2025

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցերի իր էջում  գրառմամբ անդրադարձել է Դոնալդ Թրամփի ու Իլհամ Ալիևի հետ կայանալիք Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ հնարավոր փաստաթղթերի ստորագրմանը։

Նա մանսավորապես գրել է.

«Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է

– Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:

– Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով:

Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»:

«Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրառում է արել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։

Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,–գրել է նա։