Ուսուցիչ դառնալու եւ հողին վերադառնալու իմ մղումները. Մարիամ Սարգսյան

  • 21:34 12.08.2025

Հեռավոր 2018 թվականն էր, երբ Արցախի Նոր Շեն համայնքում կյանքն ակտիվացավ Արայի շնորհիվ։ Երիտասարդը՝ անընդհատ նոր գաղափարներով էր հանդես գալիս եւ դարձել էր գյուղի լիիրավ անդամ, ով եւ փոքրիկ, եւ մեծ փոփոխություններ էր անում գյուղում։

Արա Հարությունյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործուղված ուսուցիչ-առաջնորդ էր։ Արայի կերպարը շատ ոգեւորիչ էր, Հովիկը (այն ժամանակ նշանածս) առաջարկեց, որ մենք էլ միանանք նախագծին եւ մի հեռու գյուղում էլ մենք դասավանդենք։ Չհամարձակվեցի, ռիսկային որոշումներն այդ ժամանակ ինձ համար չէին, չէի պատկերացնում, որ կարող եմ իմ տնից երկու տարի հեռու լինել։

Տարիներն անցնում էին, զգում էի, որ ուսուցիչ դառնալու ու գյուղում ապրելու միտքը Հովիկին հանգիստ չի տալիս։ Տեղահանությունից հետո, այս գարնանը, գովազդային մի նկար՝ նարնջագույն պայուսակի տեսքով, գրավեց իմ ուշադրությունը։ Հղումը սեղմեցի եւ բացվեց «Դասավանդի՛ր»-ի էջը, հավաքագրման վերջին փուլն էր։

2025 թ․ սեպտեմբերին պիտի ուսուցիչ-առաջնորդների հերթական խումբը մեկնի՝ կրթության լույսը տարածելու։ Այս տարվա կարգախոսը՝ «Խիզախի՛ր»։ Այդ պահին այնքան անձնական էր հնչում այդ պատգամը, կարծես նկարի տղան հենց ինձ էր ասում՝ «խիզախիր, նիրհած ցանկություններդ իրականացնելու ժամանակն է»։

Այս անգամ արդեն ես գրանցվեցի եւ Հովիկին առաջարկեցի գնանք հանդիպմանը։

«Դասավանդի՛ր»-ի գրասենյակում շփոթված դեմքեր էին, այդ հավաքն էլ հատուկ արցախցիների համար էր։ Հանդիպումն ու միտքը սպեղանի էին այդ օրերին։ Ծննդավայր, հողակտոր, տուն, գյուղ, համայնք կորցնելուց հետո գյուղում ուսուցիչ լինելը միակ սփոփանքը կարող էր լինել, եւ այդ միտքը ստիպեց ինձ քայլել առաջ՝ Երեւանի փոշուց, աղմուկից, իմ սեփական կյանքի բացառումից կիլոմետրերով փախչելու համար։

Ծանր ու թեթեւ անելու ոչինչ չկար, համեմատության նժարները շատ անհավասար էին։ Արդեն 4 ամիս է, անցնում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ընտրական փուլերը եւ շատ շուտով տեղափոխվելու ենք մարզ։

Այս փուլերից մեկը կոչվում է Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա, որի ընթացքում սովորում ենք տարբեր ու կարեւոր ուղղություններ՝ ուղիղ հրահանգումով դասընթացի վարում, փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն եւ սոցիալ-հուզական ուսումնառություն։

Անընդհատ համեմատում եմ իմ տարիների ուսումն ու այն, ինչ ստանալու են մեր աշակերտները, եւ հասկանում, թե որքան երջանիկ են իրենք։ Այս կետերը, իսկապես, շատ կարեւոր են, բայց մի բան, որ շատ կարեւորեցի այս ընթացքում՝ նույնիսկ տարրական դասարաններից սեփական հույզերը ընկալելն ու ցանկությունները կառավարելն է։

Մեր ժամանակ դպրոցում չէին ասում, որ մեր հույզերը կարեւոր են, որ անդադար պետք է փորձել ու չվախենալ ձախողումներից, սխալվելուց, որ պետք չէ հուսահատվել մի քանի փորձից հետո եւ, որ ոչ ոք մեր փոխարեն չի անցնի մեզ համար նախատեսված ճանապարհը։ Գուցե, եթե այս ամենը սովորեցնեին՝ ավելի կայուն ներկա կունենայինք եւ ամեն անգամ խնդրի հանդիպելիս չէինք խեղճանա․․․

Մի քանի օր առաջ ես ու ամուսինս իմացանք, թե որտեղ ենք գործուղվել եւ մեր առաջիկա երկու տարին որտեղ ենք ապրելու, իսկ այս մասին՝ առաջիկա իմ նոթագրության մեջ։

Մարիամ Սարգսյան