Քյաթուկ․ դարավոր պատմությունը չէր ընդհատվում

  • 16:07 14.08.2025

Արցախի Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի խորհրդավոր բնությունն անտեսանելի զորություն ուներ․ գյուղ եկող յուրաքանչյուր ոք ցանկանում էր մնալ այդտեղ, վայելել բնության անաղարտ շունչը:

Քյաթուկի անտառների հոնն ու մոշը, տանձն ու խնձորը, ընկույզն ու շլորը մի ուրիշ համ ունեին․ իզուր չէ, որ տարբեր տեղերից մարդիկ գալիս ու հենց Քյաթուկի բերքն էին նախընտրում ճաշակել:

Քյաթուկցիների համար իրենց գյուղն աշխարհի ամենագեղեցիկ ու անփոխարինելի տեղն էր։ Չնայած երբեմնի շեն գյուղը հետզհետե ծերացել ու թևաթափ էր եղել, սակայն գյուղում միշտ անցուդարձ կար (տեղահանությունից առաջ մշտապես ապրում էր 1 հոգի, ով զբաղվում էր անասնապահությամբ)։

Առանձնապես հանգստյան, տոն ու հիշարժան օրերին, երբ գյուղը լցվում էր մարդկանցով, Քյաթուկը կենդանություն էր ստանում, վերապրում անցած օրերը։ Տարեցները հիշում են գյուղի նախկին աշխուժությունն ու երանի տալիս։ Նրանցից յուրաքանչյուրը երազում էր հայրենի գյուղը վերածնված տեսնել (որքան էլ այն անհավանական էր թվում):

Գյուղում պարբերաբար շաբաթօրյակներ էին կազմակերպվում, բարեկարգման աշխատանքներ իրականացվում։ Անցուդարձը չէր կտրվում այդ գյուղում՝ ասել է թե, չէր ընդհատվում նրա դարավոր պատմությունը:

Մարդիկ հիմնականում ոտքով էին բարձրանում գյուղ։ Օրերից մի օր քյաթուկցիները որոշեցին, որ ժամանակն է բարեկարգել Ասկերանից գյուղ տանող ճանապարհը, որն անմխիթար վիճակում էր և անցանելի ոչ բոլոր մեքենաների համար: Նախաձեռնությունն անմիջապես արձագանք գտավ: Ասկերանի շրջվարչակազմի կողմից տեխնիկա տրամադրվեց․ միացան նաև Ասկերանի քաղաքապետարանը, մի խումբ գործարար մարդիկ։ Սկսվեցին վերանորոգման աշխատանքները, որին հետևում էր հատուկ ստեղծված հանձնաժողովը:

Մոտ 10 օր հետո ճանապարհն արդեն պատրաստ էր․ Քյաթուկն սկսեց աշխարհի տարբեր ծայրերից հյուրեր ընդունել։ Էլ չենք խոսում բազմաթիվ արշավների, դատարկվող գյուղում կազմակերպվող կրթամշակութային միջոցառումների մասին, իսկ քանի՜, քանի՜ մոմեր էին վառվում գյուղի սրբավայրերում ու մատաղ մատուցվում (Սյորփեր)։

Ճանապարհի վերանորոգումից հետո քյաթուկցիներն արդեն նոր ծրագիր ունեին՝ Արցախյան գոյապայքարում զոհված քյաթուկցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի կառուցումն էր դա:

Մտահղացումը (կրկին հասարակ ժողովրդի կողմից) 2011 թվականին էր ծագել, որի իրականացման համար նույնպես ստեղծվել էր հանձնաժողով և Արցախբանկ ՓԲԸ-ում բացվել հաշվարկային հաշիվ (այս գյուղացիները սիրում են ամեն ինչ ազնվորեն կատարել՝ հաշվետվություն ներկայացնելով միմյանց):

Նույն թվականին բարեգործական առաջին քայլը կատարեցին ծննդով քյաթուկցի, ռուսաստանաբնակ Արթուր Բեգլարյանը և ծննդով վարդաձորցի Վաղինակ Գևորգյանը, ով նույնպես ապրում էր ՌԴ-ում: Երկու գործարար մարդկանց բարեգործական աջակցությունը ոգևորության ալիքներ բարձրացրեց նաև տեղացիների մեջ։ Գյուղում սկսվեցին շինարարական ակտիվ աշխատանքները։

Ուրախալի էր տեսնել, թե ամռան ամիսներին վերանորոգված ճանապարհով քանի՜, քանի՜ մեքենաներ էին բարձրանում գյուղ: Քյաթուկն իր հզոր ուժով ձգում էր բնության, հարազատ հողի սիրահարներին։

Հուշարձանի կառուցման աշխատանքներն ընթանում էին մեծ թափով, որին մասնակցում էին համարյա բոլոր քյաթուկցիները, անկախ նրանից, թե ով որտեղ է ապրում, իսկ արհեստավարժ մասնագետները մասնագիտական խորհուրդներ և ուղղություններ էին տալիս։

Մի քանի ամիսներ տևած շինարարությունից հետո Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի կողքին կանգնեցվեց Արցախյան պատերազմում նահատակված քյաթուկցիներին նվիրված հոյակերտ մի հուշարձան:

Հաջորդ առաքելությունը գյուղի Ս․Աստվածածին եկեղեցու վերանորոգումը պետք է լիներ։ Այն անպայման իրականություն կդառնար, եթե չլինեին 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները, եթե արցախցին իր կամքին հակառակ չբռներ տեղահանության ճանապարհը։

Պատերազմներով անցած, շրջափակում ապրած արցախցին չէր մտածում լքել իր հողը, ավելին՝  նա ցանկանում էր կենդանություն տալ դատարկվող գյուղերին ու ապրել հարազատ բնակավայրում, որովհետև այդ հողը ներծծված է հերոսների արյամբ, ժողովրդի արդար քրտինքով, որովհետև ինքն է իսկական տերն իր հողի։

Այսօր աշխարհով մեկ ցրված քյաթուկցիները շարունակում են ապրել միմյանց ուրախությամբ ու տխրությամբ։

Հ․Գ․

Այս գյուղում են ծնվել հայ նավթարդյունաբերող, բարերար Միքայել Արամյանցը, որի շվեյցարական ոճով տունը Լոռիում տուրիստական արշավների կարևոր հանգրվան է։

Քյաթուկից է նաև երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը, ազգայինազատագրական շարժման գործիչ, պատմաբան Միքայել Վարդանյանը։ Գյուղը տվել է բազմաթիվ ռազմական, տնտեսական, հասարակական և գիտության ոլորտի անվանի գործիչներ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ