Արցախի հակամարտությունը չի կարող լուծված համարվել, արցախցիների նկատմամբ հանցագործություն է կատարվել

  • 23:29 25.08.2025

Արցախի հակամարտությունը չի կարող լուծված համարվել, արցախցիների նկատմամբ հանցագործություն է կատարվել, Արցախի դեմ միջազգային իրավունքի լուրջ խախտում է տեղի ունեցել։ Դրա վերաբերյալ կան միջազգային լուրջ արձնագրումներ, օրինակ, Եվրախորհրդարանի կողմից։ Վաշինգտոնյան պայմանավորվածություններն չեն նշանակում, որ Արցախի հարցը դրանով կարգավորվել է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Հարցին, թե Արցախի հարցն օրակարգ բերելու ի՞նչ հնարավորություններ կան, Ղուկասյանը պատասխանեց․ «Հայ ժողովրդի միջազգային գործընկերներից, մասնավորապես, Ֆրանսիայից է կախված հարցի ապագան»։

Անդրիաս Ղուկասյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե Մինսկի խումբը կլուծարվի՞։ «Չեմ կարծում, որ դա մոտ ժամականերում կտեսնենք։ Հավանաբար դա կարող է լինել մի շարք պայմաններ կատարելուց հետո, այդ թվում՝ արցախցիների՝ ազատ եւ արժանապատիվ պայմաններում վերադարձի դեպքում։ Ենթադրում եմ, որ դեռ բարդ դիվանագիտական պայքար է ընթանալու»,- ասաց նա։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթն իրավական ուժ կունենա միայն ստորագրումից հետո։

«Նախաստորագրում նշանակում է, որ կողմերը չեն կարող հետագայում փաստաթղթի բովանդակությունը փոխել։ Ես գտնում եմ, որ խաղաղության պայմանագիրը պետք է ներառեր Արցախի հարցի կարգավորումը։ Այս տեսքով այդ պայմանագիրը, իհարկե, ամրապնդեց հրադադարը, բայց ոչ ավելին։ Այն չկարգավորեց որեւէ հարց, որն ակտուալ է տարածաշրջանի համար, հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի համար»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան