Ինձնից անկախ համեմատում եմ Գյումրիի տարբեր թաղամասերը իմ ծննդավայրի հետ

  • 12:02 26.08.2025

Գյումրի քաղաքում է հաստատվել Արցախից տեղահանված Կարեն և Աննա Ջհանգիրյանների ընտանիքը։ Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 26-ին՝ չարաբաստիկ պայթյունի հաջորդ օրը։ Ինչպես Աննան է ասում՝ այդ օրն Արցախը տնքում էր ցավից, մարդիկ իրենց կորցրած, խուճապահար էին։ Արցախահայությունն իր կամքին հակառակ տեղահանվում էր՝ հասկանալով, որ գնում է դեպի անահայտություն:

Աննան իր տան մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները մինչև 2020-ի պատերազմն են վերանորոգել ու լրիվությամբ կահավորել։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել ու շարունակում էին ապրել՝ հույս պահելով, որ կյանքը կրկին կժպտա արցախցիներին։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը գլխիվայր շուռ տվեց ինչպես նրանց, այնպես էլ բոլոր արցախցիների կյանքը։

Աննան պատմում է

-Երբ պատերազմն սկսվեց, Կարենն Ասկերանի մոտակա 414 մարտական դիրքում էր՝ աշխարհազորի կազմում։ Ես փոքր դստերս հետ տանն էի, իսկ ավագ աղջիկներս դպրոցում։ Թե ինչ ապրումներ ունեցա մինչև երեխաներիս տուն գալը, դժվարանում եմ նկարագրել։

Մեր բազմաբնակարան շենքն Ասկերանի վերջնամասում էր և 2020-ից հետո գտնվում էր հակառակորդի նշանառության տակ։ Անտեսելով ամեն բան՝ մենք ապրում էինք ու երբեք չէինք մտածում, որ նման ճակատագիր կունենա Արցախը։

Սեպտեմբերի 19-ին ռմբակոծությունները չէին դադարում։ Անընդհատ հրետակոծվում էին Ասկերանի մոտակա տարածքները՝ սարսափ տարածելով ժողովրդի մեջ։ Բոլորի հետ մենք ևս գնացինք ապաստարան։ Հաջորդ օրն արդեն զինադադար էր հայտարարվել, պտտվում էր Արցախի հայաթափման լուրը։ Ցավալիորեն ծանր էր գիտակցել, որ պետք է ստիպված լքենք մեր հայրենի հողն ու ձեռնունայն հեռանանք դեպի անորոշություն։

Արցախից դուրս եկանք մեր հարազատների հետ ու միասին անցանք այդ ծանր ճանապարհը։ Մի քանի օր մնացինք Եղեգնաձորում, ապա ամուսնուս եղբոր՝ Սևակի ընտանիքի հետ մեկնեցինք Գյումրի ու հաստատվեցինք այստեղ։ Որոշ ժամանակ հետո Գյումրի եկան նաև իմ ծնողները։ Այդպես սկսեցինք հարմարվել նոր բնակավայրին, փորձեցինք ամեն ինչ սկսել զրոյից։

Ավագ դուստրս՝ Մարիամը, փոխադրվել է 12-րդ դասարան, երկրորդը՝ Աստղիկը, ավարտել է հիմնական դպրոցն ու ցանկանում է ուսումը շարունակել Գյումրի քաղաքի թիվ 1 ուսումնարանում։ Նա դիզայներական մեծ շնորհք ունի և ցանկանում է հմտանալ այդ արվեստում։ Իսկ 4-ամյա Միլան հաճախում է մանկապարտեզ։ Մեր ամեն մի օրը կրկին պայքար է, պայքար՝ վերստին ապրելու, չկոտրվելու:

 

17-ամյա Մարիամի համար շատ դժվար էր հարմարվել նոր միջավայրին, առանձնապես ծանր էր բաժանվել Արցախի իր ընկերներից

 -Այստեղ նոր ընկերներ եմ ձեռք բերել․ բոլորն էլ լավն են, հարեհաս, բարի, սակայն ես Արցախի իմ ընկերների կարիքը շատ եմ զգում, առանց նրանց ու Արցախի մի տեսակ կիսատ պռատ է ամեն ինչ։ Ինչքան էլ փորձում եմ, չեմ կարողանում մեկ վայրկյան անգամ չմտածել Արցախի, իմ ծննդավայր Ասկերանի մասին։ Անգամ դասապրոցեսի ժամանակ, երբ ուսուցիչները դաս են բացատրում, հաճախակի եմ ընկնում հիշողությունների գիրկը, մտաբերում իմ ուսուցիչներին ու դասընկերներին։ Կարոտում եմ բոլորին։ Երբեմն չեմ կարողանում զսպել արցունքներս և դրանից չեմ ամաչում, ավելին՝ սիրտս հանգստանում է:

Դպրոցում և առհասարակ Գյումրիում մենք լավ մարդկանց ենք հանդիպել։ Դպրոցում երբևէ չենք նկատել որևէ խտրական վերաբերմունք, ընդհակառակը՝ արցախցիներս շրջապատված ենք ուշադրությամբ, հոգատարությամբ։

Ինձնից անկախ միշտ համեմատականներ եմ անում Գյումրի քաղաքի տարբեր թաղամասերի ու իմ ծննդավայրի միջև՝ փորձելով ինչ որ նմանություն գտնել։ Այդ զգացողությունն ինձ ուժ է տալիս, միաժամանակ լցնում կարոտով։

Ջհանգիրյանների ընտանիքում միայն Կարենն է աշխատում՝ իրականացնելով տաքսու ծառայություններ

 -Ամբողջ կյանքում ծառայել եմ ԱՀ ՊԲ-ում և հպարտ եմ դրա համար։ Որպես Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի զավակներ՝ ես ու եղբայրս, միշտ ցանկացել ենք մեր հոր կիսատ թողածի շարունակողը լինել ու փորձում էինք մեր երեխաների համար բարեկեցիկ կայնք ապահովել հերոսների արյան գնով հաղթանակած երկրում։ Զբաղվում էինք նաև հողագործությամբ և հեկտարներով հող էինք մշակում՝ աճեցնելով ամեն տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ։ Մրգատու ծառերի այգիներ էինք հիմնել, որոնք արդեն բերք էին տալիս։ Շրջափակման ժամանակ ավելի շատ էինք աշխատում, բերքն անասելի առատ էր։ Պատրաստվում էինք ձմեռվան՝ մտածելով, որ շրջափակումը, եթե երկարի, ապա մեր ստեղծած բարիքները մեզ կպահեն, դեռ ուրիշներին էլ կօգնենք։

Ամեն ինչ միանգամից կորցրինք ու դարձանք բռնի տեղահանվածներ։ Դժվար է ինձ համար առանց հողի, առանց բերք ու բարիք ստեղծելու։ Չեմ կարողանում հարմարվել, որ մեր հողը մնացել է թշնամուն, որ ծնողներիս գերեզմաններն անծաղիկ ու անարցունք են։

Որոշել ենք ՀՀ քաղաքացիություն ընդունել ու բնակարան ձեռք բերել Գյումրիում, որովհետև մեզ հասանելիք գումարով միայն մարզերում կարող ենք տուն գտնել։ Գյումրին հրաշալի քաղաք է՝ իր սրտացավ բնակչությամբ, սակայն դժվար է աշխատանք գտնել, ինչի համար էլ արցախցիների մի մասն ստիպված հեռանում է այստեղից։

Արցախում Աննան զբաղվում էր վարսահարդարությամբ, ուներ իր հավատարիմ հաճախորդները։ Գյումրիում ևս մտադիր է աշխատել իր մասնագիտությամբ

-Պատրաստվում եմ մասնակցել վարսահարդարման վերապատրաստման դասընթացների և հավաստագիր ստանալուց հետո անցնել իմ սիրած աշխատանքին։ Գյումիրում ապրող արցախիցներից շատերը գիտեն, որ վարդահարդար եմ և սպասում են, թե երբ կսկսեմ իմ գործունեությունը։ Հույս ունեմ, որ տեղաբնակ հաճախորդներ ևս կունենամ։ Աշխատելով կկարողանամ նաև թիկունք դառնալ իմ ամուսնուն, ինչպես Արցախում էի․։ Ափսոս, որ այստեղ հնարավորություն չունենք զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։

Առաջին իսկ օրերից Գյումրիում հոգատարությամբ են ընդունել մեզ, աջակցել, ընդառաջել։ Մեզ երբեք օտար չենք զգացել այստեղ, սակայն առանց Արցախ դժվար է ապրել։ Պարզապես չի ստացվում․ ամեն գիշեր երազներում ես այնտեղ եմ՝ կամ տունն եմ մաքրում, կամ պատուհանից խոսում հարևանների հետ, կամ բանջարանոցում աշխատում, կամ երեխաներիս հետ քայլում հարազատ փողոցներում, կամ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ վառում։ Ամեն Աստծո առավոտ արթնանում եմ նույն զգացողությամբ՝ կիրականանա՞ն արդյոք իմ երազները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ