Մեծ Բրիտանիան Հայաստանում. Ռուսները խոսում են Բաքու-Բրիտանիա կապիտալի մասին

  • 18:35 26.08.2025

Երևանում կայացել է Հայաստան – Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորությամբ: ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի:

Կոստանյանն ու Դաութին քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում:

Երևանն ու Լոնդոնը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով:

ՄԹ վրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարարին այսօր ընդունել է վարչապետ Փաշինյանը: Սթիվեն Դաութին շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների առիթով: Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունն այդ գործընթացին:

Մինչդեռ, ադրբեջանական պետական ​​SOCAR ընկերությունը սկսել է Ուզբեկստանի խոշորագույն նավթահանքերից մեկի՝ Ուստյուրտի սարահարթի մշակումը։ Այս մասին Ալիևը հայտարարել է Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։ Նախագիծը գնահատվում է 2 միլիարդ դոլար և համարվում է շրջադարձային պահ, քանի որ այն ամբողջությամբ կբավարարի Ուզբեկստանի նավթի պահանջարկը, որն այսօր Ռուսաստանն է ապահովում։

Ռուս ռազմական քարոզիչները ցավոտ արձագանքեցին այս քայլին։ Նրանք բացահայտ գրում են Կենտրոնական Ասիայում Մոսկվայի ազդեցության համար «աղետալի հետևանքների» մասին և պահանջում են, որ Ուզբեկստանը չհանձնվի «բաքու-բրիտանական կապիտալին»։ Իրականում, խոսքը Կասպից ծովի շուրջ հակառուսական հումքային շղթայի ձևավորման մասին է, որը ձևավորվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի կողմից, ասում են նրանք։