«Մենք այստեղ ենք՝ վճռականորեն ասելու «ոչ» դանդաղ մահվանը դատապարտելու այս ծրագրերին։ Այստեղ ենք նաեւ ասելու՝ այո, հայ ժողովուրդը կարող է եւ ունի հնարավորություն՝ իր ինքնությունն ու սեփական պետականությունը պահպանելու։ Մնում է միայն հեռացնել այս իշխանություններին, ունենալ այդ հնարավորությունների տեղն իմացող եւ դրանք իրականություն դարձնող իշխանություն։ Մենք նորահայտ փրկիչների կարիք չունենք, մեր միասնությանը եւ հարատեւությանը հասնելու լավագույն բանաձեւը մեզ փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու սպասավոր մեր սուրբ հայրերի կողմից՝ միություն, պայքար, հաղթանակ, սա է մեր ճիշտ ճանապարհը»,- Ազատության հւապարակում Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ հրավիրած հանրահավաքում ասաց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։
Նա հայտարարեց, որ այս իշխանություններին պետք է հեռացնել, քանի որ նրանք կատարում են թուրք-ադերբեջանական տանդեմի ծրագրերը, Հայաստանի պետականությունը հարվածի տակ են դնում։ Փոխարենը, Ռուստամյանի խոսքով, անտեսված են Արցախում իրականացված էթնիկ զտման եւ ցեղասպանության, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների, հայ գերիների եւ Հայաստանի տարածքների բռնազավթման հետ կապված բոլոր հարցերը։