Հիմա արդեն բացահայտվում են Թուքիայի իրական նախապայմանները Հայաստանին

  • 23:10 09.09.2025

«Ես կարծում եմ, որ կա քաղաքական սցենար, որի վրա հիմա աշխատում են Հայաստանը եւ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը, Հայաստանը եւ ԱՄՆ-ն, Հայաստանը եւ Եվրամիությունը։ Եվ թուրքական կողմի այս այեցլությունը մտնում է այդ օրակարգի մեջ։ Վաշինգտոնի հանդիպումից հետո տեսնում ենք, որ մեկ ամսվա ընթացքում արդեն ուրվագծվեցին հայ-թուրքական կոնսուլտացիաներ։ Հետագան պարզ է՝ սահմանի բացումն է»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք հայ-թուրքական հանդիպմանը։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը, ենթադրաբար, Հայաստան կժամանի Մարգարայի սահմանային անցակետով:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Թուրքիան այս դասավորության պայմաններում սահմանը փակ պահելու պատճառ չունի։ «Հիմա, երբ նախաստորագրված է հայ-ադրբեջանական՝ ոչ թե խաղաղության համապարփակ պայմանագիրը, այլ շրջանակային պայմանագիրը, Թուրքիան ուրիշ պատրվակ չունի սահմանը փակ պահելու համար։ Պետք է լինեն ինչ-որ բանակցություններ սահմանի բացման շուրջ, եւ հիմա արդեն բացահայտվում են Թուքրայի իրական նախապայմանները։ Թուրքիան ունի նախապայմաններ հայոց ցեղասպանության ժխտման հետ կապված եւ այլն։ Հավանաբար այդ հարցերը Թուրքիան հիմա կուզենա բերել առաջին պլան։ Մինչ այդ ինքը թաքնվում էր Արցախյան առաջին պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների թիկունքում, սահմանը փակ պահելու իրական պատճառները քողարկում էր։ Հիմա այլեւս չի կարող քողարկել, պետք է բաց մատուցի իրենց ցանկությունները։ Մենք գիտենք իրենց ցանկությունները՝ հանձնաժողով ստեղծել ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար՝ եղել է, չի եղել ցեղասպանություն կամ ինչ է եղել»,- նշեց Ղուկասյանը։

Հարցին, այսինքն՝ ցեղասպանության հա՞րցն են սակարկման առարկա սարքելու, քաղաքագետը պատասխանեց․ «Այդ մասին պարոն Փաշինյանն արդեն մեզ նախապատրաստել է իր ելույթներով։ Մեկ-երկու անգամ այդպիսի ռեպլիկներ թողեց, որ հարկավոր է հասկանալ, գույքագրել, թե ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ ինչ է տվել։ Ըստ էության, դա այս հաջորդ փուլի անոնսն էր, նախապատրաստումն էր, երբ պետք է քննարկեն այդ հանձնաժողովը ստեղծելու հարցը»։

Անդրադառնալով այս գործընթացներում Ռուսաստանի դերին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Այս ամբողջ գործընթացը չի հակասում Ռուսաստանի ռազմավարական շահերին։ Ռուսաստանը վերջին 7 տարիներին քաջալերում է Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու, Արցախը հանձնելու հարցում։ Այսինքն՝ այս ամենը մտնում է Ռուսաստանի քաղաքական գծի մեջ»։

Ռոզա Հովհաննիսյան