ՀՀ ԱԳՆ պատասխանը Ֆիդանին․ մենք ավելի շուտ ենք ուզում

  • 12:38 14.09.2025

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը

«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին,  հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության: Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծեց Անի Բադալյանը։

Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։ Ենթադրվում է, որ Բաքունև Անկարան սպասում են ՀՀ Սահմանադրության փոփոխությանը։ Հայաստանի կառավարությունը փաստորեն ուզում է պայմանագիրը ստորագրի մինչ ընտրությունները։ Կամ էլ ստիպված կլինի արտահերթ ընտրություններ անել, միաժամանակ փոխելով Սահմանադրությունը։