Խաղաղությունը հավերժակա՞ն է․ Թրամփի, Փաշինյանի և Ալիևի “պնդումները” ավելացնում են կասկածները

  • 13:14 17.09.2025

Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ «պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել»: Փաշինյանը նման կերպ արձագանքել է Թրամփի գրառմանը:

«Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Ինչպես հայտնում է Ազատությունը, Միացյալ Նահանգների նախագահը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը: Թրամփը կից գրել է. «Մեծ պատիվ էր օգնել՝ կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։

Թրամփին արձագանքել է նաև Ալիևը. «Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնում պատմական գագաթնաժողովի անցկացման գործում»:

Ալիևը շեշտել է, որ Թրամփը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև «հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն է»:

Երբ հավերժական խաղաղության մասին չափազանց հաճախ են խոսում, դա միայն մեծացնում է կասկածները ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ: Թրամփը, ըստ երևույթին, ակնկալում էր արագ քայլեր և «հեքիաթային» հաշտեցում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև իր անունը կրող ճանապարհի ցնցող բացում: Սակայն համաձայնագրերի կնքումից մեկ ամսից ավելի անց պարզվեց, որ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Ավելին, ինչպես ասել են Թուրքիայում, Թրամփի ներկայությամբ նախաստորագրված համաձայնագիրը կարող է ստորագրվել 2026 թվականի առաջին կեսից ոչ շուտ: Սա չափազանց ուշ է Թրամփի համար, ով, ըստ երևույթին, առաջընթաց է ցանկանում ոչ այնքան համաձայնագրի, որքան «միջանցքի» բացման հարցում: