Բաքուն ինչո՞ւ պետք է թույլ տա մեզ անցնել Նախիջևանով։ Ինքն արդեն ստացել է այն, ինչ պիտի ստանար

  • 09:04 19.09.2025

Step1.amհարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը հստակ չպտասխանեց հարցին, թե եթե Ադրբեջանը որոշի Հայաստանի տարածքով զենք ու զորք տեղափոխել Նախիջեւան, ինչպես են վերահսկելու։ Փոխարենն ասաց․ «Մենք մեզ պետք է հարց տանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջեւանի տարածքով։ Երբ որ մենք կորոշենք, որ ուզում ենք Նախիջեւանի տարածքով դեպի Մեղրի եւ հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

-Շատ երկիմաստ պատասխան է տվել, որ իբր թե, եթե Ադրբեջանին որոշակի իրավունք ենք տալիս, նույնն էլ մենք կունանանք Նախիջեւանում։ Այդ հավասարության նշան դնելու փորձը շարունակվում է, բայց բնավ այդպես չէ։ Իմ իմանալով՝ անխափան տարանցումը հենց այն մասին է, որ իրենք Հայաստանին հաշվետու չեն։ Գուցե Հայաստանը պոստ ֆակտում կարող է իմանալ, թե ինչ է կատարվել, բայց արգելել չի կարող։

-Սյունիքով ճանապարհի հետ կապված Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ մանրամասները դեռ հստակեցված չեն։ Սա ի՞նչ վտանգ է պարունակում հետագայի համար։

-Ընդհանրապես նման մոտեցումն անհեթեթ է, այսինքն՝ միջպետական կարեւորագույն համաձայնություն է կայացվում, բայց մանրամասները չկան։ Ոչ թե մենք տեղյակ չենք, այլ չկան, դեռ չի էլ քննարկվել։ Մարդիկ անգամ իրենց կենցաղում նման անտարբեր ձեւով չեն վարվում։ Սա նշանակում է, որ Ալիեւն այնքան վստահ է, որ իր ուզածն է լինելու, որ իր ասածն է առաջ տանում։ Ցավոք սրտի, իր ուզածը կատարվում է։ Մի բան պարզ է՝ այն, ինչ TRIPP է կոչվում, այդ անցուղին, դա ունենալու է առանձին կարգավիճակ։ Եվ դրան համարժեք որեւէ անցուղի մենք չենք ստանալու, ներառյալ Նախիջեւանի վրայով։

Զենք տեղափոխելը կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ, որովհետեւ Ադրբեջանի լիարժեք տիրապետման տակ է գտնվում այդ ճանապարհը՝ ի տարբերություն TRIPP-ի, որը կառավարելու է կոնսորցիումը։ Այնտեղ հստակ գրված է, որ կոնսորցիումի կողմեր են Հայաստանը, ԱՄՆ-ն եւ երրորդ կողմերը։ Եթե կան երրորդ կողմեր, այսինքն՝ մեկից ավելի երկրներ, դա նշանակում է նրանց խոսքն է այնտեղ անցնելու։ Մենք Նախիջեւանով զենք չենք կարող տեղափոխել, Ադրբեջանը մեզ թույլ չին տա, եթե մեզ թույլ տա Նախիջեւանով Իրանից ինչ-որ բան ներմուծենք կամ արտահանենք, դա էլ մեզ ներկայացվելու է որպես լավություն։ Բայց կարծում եմ՝ դա էլ մեզ թույլ չի տալու Ադրբեջանը, ինչո՞ւ պետք է թույլ տա։ Ինքն արդեն ստացել է այն, ինչ պիտի ստանար։ Բանակցությունները սակարկություններ են, մի բան տալիս ես, մի բան ստանում։ Մենք արդեն տվել ենք այն, ինչ պետք էր Ադրբեջանին։ Հետեւաբար, Ադրբեջանի կողմից որեւէ շահագրգռություն չեմ տեսնում մեզ նման իրավունքներ տալու։ Եթե տա, ուրեմն դրա դիմաց էլի ինչ-որ բան է պոկելու։

Ռոզա Հովհաննիսյան