Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը չեղարկել է հին հայկական «Կովերի պարտեզ» թաղամասի վերաբերյալ պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը։ «Կարճ ասած՝ 2 տարի ուշանալե ետք Սուրբ Յակոբի միաբանությունը որոշեց չեղարկել «Կովերու պարտեզի» պայմանաքիրը»,- տեղեկացնում է Գիրագոսյանը՝ հրապարակելով չեղարկման որոշումը։
Նշենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը սեպտեմբերի 24-ին ընդհանուր միաբանական ժողով էր գումարելու՝ քննարկելու հին հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքի հարցը։ Հայ համայնքի ներկայացուցիչները նստացույց էին անցկացրել Սուրբ Հակոբ տաճարի բակում՝ պահանջելով պատրիարքից չեղարկել «Կովերի պարտեզ» տարածքը 99 տարով վարձակալության տալու պայմանագիրը, ինչպես նաեւ նոր պայմանագիր չկնքել։ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքը հայոց պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Հետագայում հայ համայնքի ճնշման ներքո պատրիարքը հայտարարել էր, որ չեղարկում է այս պայմանագիրը․ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանը նամակ էր ուղարկել վարձակալության պայմանագիրը չեղարկելու մասին։ Հայ համայնքի ներկայացուցիչները հայկական թաղամասի համար պայքարը շարունակում են եւ վերջերս հայտարարել էին, որ սպասում են պատրարքարանի ընդհանուր միաբանական ժողովի արդյունքներին։