Կառավարությունը հաստատեց արցախցիներին աջակցության ծրագրերը

  • 10:57 26.09.2025

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով աջակցության ծրագրեր են նախատեսված նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց համար։

Մասնավորապես, 2026 թվականին արցախցիների համար նախատեսվել են տարբեր օժանդակության ծրագրեր, այդ թվում․

Կրթության ոլորտի գծով՝ 1 մլրդ 228.1 մլն դրամի չափով, որից՝ 1 մլրդ 025.3 մլն դրամը՝ ՀՀ-ում կրթություն ստացող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, 202.8 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով:

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսվում է ծախսել 62 մլրդ 686.6 մլն դրամ։

Արցախի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրման գծով կծախսվի 7 մլրդ 686.6 մլն դրամ։

Կշարունակվի նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը՝ 55 մլրդ դրամի չափով։